«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն է։
-Պարոն Իսագուլյան, Արցախի խորհրդարանի խմբակցությունները մտահոգություն են հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ։ Հայաստանում հանրությունը մեծ սպասումներ ունի Մարտի 1-ի գործի բացահայտման առումով, իսկ Արցախի քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող կուսակցությունները զորակցություն են հայտնում Քոչարյանին։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք սա հղի չէ երկու հանրապետությունների հանրությունների մեջ նոր տարանջատում մտցնելու վտանգավոր հեռանկարով։
-Անկեղծորեն պետք է խոստովանել, որ հարցն իր մեջ պարունակում է բազմաշերտ ու բազմավեկտոր հարաբերությունների բացահայտման ուրույն մտադրություն, բայց ես պետք է դրան մոտենամ հետևյալ, արդեն հարյուրամյակներ գոյություն ունեցող և, ըստ ամենայնի, ամենաճշգրիտ մոտեցմամբ, այն է՝ գոյություն ունեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններ, որոնք պետք է միմյանցից տարանջատված լինեն և հակակշռեն կամ հավասարակշռեն միմյանց, իսկ չորրորդ իշխանության, այն է՝ լրատվության խնդիրն է հետամուտ լինել, որ այդ իշխանությունների (օրենսդիր, գործադիր ու դատական) միջև չխաթարվի հենց այդ հավասարակշռությունը կամ հակակշռումը: Իսկ այն հայտարարությունները, որոնց մասին դուք ասում եք, դրանք իրենց բովանդակությամբ հավասարակշռված են, անկողմնակալ և պարունակում են քաղաքական ենթատեքստ, ուստի իրավական առումով դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ձեր կողմից նշված գործընթացի վրա, նույնն է, որ հանրությունների մեջ տարանջատում մտցնելու որևէ վտանգավոր հեռանկար ես չեմ տեսնում: Իսկ լրատվության խնդիրն է դրանց մեջ որևէ սադրիչ ենթատեքստ չդնել:
-Ինչո՞վ է պայմանավորված այս զորակցությունը Ռոբերտ Քոչարյանին։ Մամուլում տարիներ շարունակ լուրեր են շրջանառվում Մարտի 1-ի դեպքերում արցախյան հետքի մասին, նշվում է, որ հատուկջոկատայիններ են եկել Հայաստան։ Արցախյան քաղաքական ուժերի՝ Քոչարյանին զորակցումը կարո՞ղ է որևէ կապ ունենալ այս լուրերի, նոր թափով նման խոսակցությունների շրջանառման համար։
-Ես արդեն իսկ հստակ նշեցի, որ խոսքն ամենևին էլ զորակցման կամ չզորակցման մասին չէ, այլ մտահոգություն է, որ որևէ պարագայում չխաթարվի իրավական գործընթացը, և իրավական հարթության մեջ մտադրություն չլինի լուծել ավելի նեղ, անձնական կամ քաղաքական խնդիր: Իսկ եթե որևէ մեկը փորձի այդ իրավական խնդրում ասեկոսեների մակարդակով շրջանառվող լուրերը ինքնանպատակ օգտագործել ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծելու համար, ընդ որում՝ դրա մեջ ներառելով Արցախը որպես մեղսակից կողմ, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական մոտեցում: Սա իմ անձնական տեսակետն է, բայց այն կրում է նախազգուշական բնույթ և նաև կոչ է ձեռնպահ մնալ ասեկոսեների մակարդակում գոյություն ունեցող կեղծ իրականությունը որպես հավաստի փաստ ներկայացնելու գայթակղությունից:
-Քաղաքական այդ ուժերը արդյո՞ք մտավախություն ունեն հնարավոր բացահայտումների մասով։
-Մենք Արցախից դեռևս որևէ հայտարարություն չունենք, որն ուղղակի միջամտություն է Հայաստանում ընթացող իրավական գործընթացներին: Իսկ քաղաքական հայտարարություններին, այն էլ ընդամենը երկու կուսակցությունների կողմից, դիտարկել որպես ընդհանրական տեսակետ կամ աջակցություն, ես համարում եմ անտեղի: Շատ ավելի կարևոր է, որ Հայաստանում ընթացող իրավական գործընթացները չվերածվեն քաղաքականի և առիթ չտան, որպեսզի հնչեն նոր հայտարարություններ, որոնք կբնութագրեն իրավական գործընթացների ոչ իրավական լինելը և ուստի կարող են ունենալ նաև որոշակի հետևանքներ: Իսկ ինչ, ցույց կտա ժամանակը:
-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել Մարտի 1-ը բացահայտելու իր վճռականության մասին։ Արցախում էլ Բակո Սահակյանի դիրքերը զգալիորեն թուլացել էին հանրահավաքների հետևանքով, և ՀՀ վարչապետը զորակցեց Արցախի նախագահին։ Արցախում չեն բացառում նոր բողոքի ակցիաները։ Արդյո՞ք այս հայտարարությունը վտանգ չի պարունակում, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանն էլ չի աջակցի Բակո Սահակյանին։
-Ես Հայաստանում չգիտեմ որևէ մեկին, որը շահագրգռված չէ Մարտի 1-ի բացահայտմամբ, բայց ոչ թե մեղավորի նշանակման եղանակով, այլ հստակ ու անհերքելի իրավական փաստերի հիման վրա: Այնպես որ, այս հարցի բացահայտման ցանկությունը որևէ մեկի մենաշնորհը չէ, ուրիշ բան, որ ոչ բոլորն են, որ կարող են այս իրավական գործընթացի վրա ունենալ քաղաքական ոչ ցանկալի ազդեցություն: Ինչ մնում է Հայաստանի Հանրապետության վարչապետ և Արցախի Հանրապետության նախագահ փոխհարաբերություններին, դրանք երբեք չեն կարող հիմնված լինել անձնական հարաբերությունների կամ ինչ-ինչ խնդիրների նկատմամբ ունեցած մոտեցումների վրա: Դրանք բացառապես պետք է պայմանավորված լինեն համազգային շահերով, իսկ եթե որևէ մեկը կասի, որ պարոն Փաշինյանը ոչ թե առաջնորդվում է այդ շահերով, այլ տարբեր խնդիրների նկատմամբ ունեցած անձնական մոտեցումներով, ապա մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Հետևանքները ես լավ պատկերացնում եմ: Ինչ մնում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախում ունեցած դիրքի ուժեղությանը կամ թուլությանը, ապա որևէ մեկին խորհուրդ չեմ տա հանդուրժողականությունը շփոթել թուլության հետ: Արցախի նախագահ Բակո Սահակյանի դիրքերն Արցախում անչափ ամուր են և վստահ եմ՝ աջակցության անհրաժեշտությունը դա քաղաքական և մարդկային փոխհարաբերությունների տեսանկյունից է, իսկ Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի մարդկային հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում:









































