«Նախ՝ Հայկ Մարությանը մասնագիտությամբ ինժեներ է՝ դերասան չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի թեկնածությանը:
Մեր զրուցակիցը բացարձակապես չնսեմացնելով կրթության դերը՝ այնուամենայնիվ, ասաց. «Կրթությունը շատ կարևոր է, բայց ո՞ր կրթությունը. օրինակ՝ ո՞վ գիտի, որ գեներալ Մանվել Գրիգորյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Ի՞նչ է, նա կրթությո՞ւն է ստացել»:
Կարեն Քոչարյանը չի ընդունում այն, որ առանց մարդու աշխատանքին ծանոթանալու՝ սկսում են գնահատականներ տալ. «Ես չեմ կարող ասել, որ Հայկ Մարությանը կլինի լավ քաղաքապետ, բայց ասել, որ նա դերասան է և կլինի վատ քաղաքապետ՝ նույնպես չեմ կարող ասել»:
Նրա խոսքով՝ փառք Աստծու, այս ընտրություններն ազատ են լինելու, թող մարդիկ ընտրեն նրան, ում ուզում են. «25-30 տարի իբր քաղաքականության մեջ մենք տեսել ենք փողկապով նստած լուրջ դեմքերի, որոնք բոլորը դերասաններ էին, ընդ որում՝վատ դերասաններ: Հայկը դերասանություն է արել իր ոլորտում, իսկ նրանք դերասանություն են արել քաղաքականության մեջ: Միգուցե էս մարդը գա քաղաքապետարան և ամենևին դերասանություն չանի»:
Կարեն Քոչարյանի կարծիքով՝ ընտրողը թեկնածուից պետք է պահանջի հատիկ առ հատիկ կատարել ծրագիրը, հակառակ դեպքում ամենալավ մարդն էլ չի անելու:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:





































