Չկան և չեն կարող լինել վարչապետ Փաշինյանի օրոք հակաժողովրդավարական կարգեր, և չի կարող լինել քաղաքացիների կամարտահայտման այլ ձև, քան խաղաղ, անզեն, ոչ բռնի կամարտահայտումը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ մեկնաբանելով «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունը։
Ենիգոմշյանը մեզ տված հարցազրույցում նշել էր. «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։ Նա նշել է, թե իհարկե, հիմա իրավիճակ է փոխվել, «բայց եթե իրավիճակը կրկնվի, և կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։
«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս հաստատված են ժողովրդավարական կարգեր, և բոլոր քաղաքացիները խաղաղ երթերի, ցույցերի միջոցով իրենց կամքը արտահայտելու, իշխանություններին իրենց կամքը հասցնելու և ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն ունեն»,- նշել է Եղոյանն ու հավելել. «Չկան և չեն կարող լինել վարչապետ Փաշինյանի օրոք հակաժողովրդավարական կարգեր, և չի կարող լինել քաղաքացիների կամարտահայտման այլ ձև, քան խաղաղ, անզեն, ոչ բռնի կամարտահայտումը»։
Ըստ վարչապետի մամուլի քարտուղարի՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք խաղաղ, ոչ բռնի կամարտահայտությամբ հնարավոր է Հայաստանում լուծել ժողովրդին հուզող հարցերը։ «Եվ միայն այդ ճանապարհով են բարձրացվելու և լուծվելու, որևիցե բռնի պայքարի մասին խոսք անգամ լինել չի կարող, դա բացառված է և կկասեցվի խստագույնս»,- ասել է նա։
Հարցին, թե հնարավոր է, որ իրավապահները զբաղվեն Ենիգոմշյանի հայտարարությամբ, որը զենքի սպառնալիք է պարունակում, Արման Եղոյանը պատասխանել է. «Դա արդեն թող որոշեն իրավապահ մարմինները»։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարծում է, թե քաղաքացիական պատերազմ Հայաստանում հրահրելն անթույլատրելի է։ «Իշխանություն ստանալու ճիշտ և ժողովրդական, ժողովրդավարական ձևեր կան։ Ղարաբաղյան շարժումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը ցույց են տալիս, որ Հայաստանում առանց զենքի, առանց քաղաքացիական պատերազմի հնարավոր է իշխանափոխություն։ Նույնսիկ եթե այս երկու օրինակները չլինեին, քաղաքացիական պատերազմ հրահրողին ես համարում եմ հայ ժողովրդի թշնամի։ Մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղված լինեն դեպի դուրս։ Մենք շրջապատված ենք թշնամիներով»,- ասել է Արշակյանը։
Նա կարծում է, թե ԱԱԾ-ն չպետք է զբաղվի այդ հայտարարությամբ։ «Պետք է թողնել, որ շարունակեն նույն կերպ։ Հենց ինքը խորհրդանշում է սխալը, նա սխալ վարքագծի օրինակելի նմուշ է։ Նաիրի Հունանյանը արգելված է, մեր մոտ չի կարող կրկնվել։ Ճիշտ այնպես, ինչպես Հունանյանին չի կարելի սպանել, պետք է պահպանել նրա առողջությունը, որ երկար ապրի։ Այնպես էլ պետք է Ենիգոմշյանին պահել ազատության մեջ և թույլ տալ, որ իր հայտարարություններն անի»,- ասել է Ազատ Արշակյանը։
Նա կարծում է, թե «Սասնա ծռեր»-ի կողմնակիցներն անպայման կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ «Փոխել են իրենց ծրագրերը։ Նախկինում հայտարարում էին, թե չեն մասնակցելու ժողովրդավարական որևէ միջոցառման, քանի որ իշխանության չի բերում։ Հետո փոխեցին, ասացին, որ կարելի է։ Ուրիշներն արդեն Հայաստանը ժողովրդավարացրել են, կարելի է օգտվել դրա արդյունքներից։ Ես գոհ եմ, որ ճիշտ որոշում կայացրեցին։ Հարկավոր է՝ ժողովրդավարական Հայաստանում ընդունված կարգով մասնակցեն ընտրություններին, և քաղաքացիների քվեներով ստանան իրենց տեղը»,- նշել է Ազատ Արշակյանը։







































