«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։
Պարոն Հայրապետյան, Հայաստանում ստեղծված նոր պայմաններում, երբ իշխանությունն աննախադեպ լեգիտիմություն ունի, իսկ իշխանությունից զրկված ՀՀԿ-ն չի կարող լիարժեք ընդդիմություն դառնալ, առավել կենսական է դառնում ուժեղ եւ գաղափարական ընդդիմության անհրաժեշտությունը։ Ըստ Ձեզ, ո՞վ կարող է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո դառնալ իրական գաղափարական ընդդիմություն իշխանություններին։
Թույլ տվեք մի փոքր չհամաձայնել. ՀՀԿ-ն տեսականորեն դեռևս չի կորցրել լիարժեք ընդդիմություն դառնալու հնարավորությունը: Իսկ գաղափարական ընդդիմության անհրաժեշտությունն ինքս, որպես քաղաքացի, զգում եմ, սակայն գրեթե վստահ եմ, որ դա զանազան տեխնոլոգիաների կիրառմամբ կարգելափակվի: Այսպիսի հոռետեսական մոտեցմանս համար հիմնական երկու պատճառն կա. նախ՝ միապաղաղ ավտորիտարիզմով մետրոպոլիա Ռուսաստանը չի հանդուրժի, որ Հայաստանում իրապես քաղաքական, այսինքն՝ գաղափարական հոսանքայնությամբ դաշտ կայանա, երկրորդ՝ ԱԺ-ում ընտրական հարցուպատասխանի ժամանակ պարոն Փաշինյանի արտահայտած այն միտքը, թե անցել են այդ ժամանակները, մտահոգիչ մոտեցում է: Եվ Ձեր վերջին հարցադրումը, թե՝ «ո՞վ կարող է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո դառնալ իրական գաղափարական ընդդիմություն իշխանություններին», ճշգրտման անհրաժեշտություն ունի՝ իսկ ո՞րն է իշխանությունների գաղափարականը: Եթե դա հակակոռուպցիոն պայքարն է, ապա դա թե՛ լիբերալի, թե՛ պահպանողականի, թե՛ սոցիալիստի համար առաջնային պետք է լինի, այսինքն՝ այստեղ ոչ թե գաղափարն է, այլ բուն պետականության հրամայականը:
Սերժ Սարգսյանի իշխանությունը վարում էր ընդդիմադիր ուժերին հետեւողականորեն փչացնելու եւ թուլացնելու քաղաքականություն, որի արդյունքում տարիների ընթացքում ամայացավ ողջ քաղաքական դաշտը։ Հայտնի է, որ ցանկացած ուժեղ իշխանության ուժը չափվում է ոչ պակաս ուժեղ ընդդիմության առկայությամբ։ Որևէ իշխանության հզորությունն ու ուժը համակարգային ընդդիմադիր բևեռի առկայության մեջ է։ Ինչպիսի՞ ընդդիմադիր բևեռի կարիք կա այսօր Հայաստանում։
Արդյո՞ք կա արեւմտամետ ուղղվածության ընդդիմության անհրաժեշտություն Հայաստանում։
Ձեր թույլտվությամբ՝ մի փոքր ճշգրտում. Հայաստանի քաղաքական դաշտն ամայացրել էր պարոն Քոչարյանը, իսկ պարոն Սարգսյանը հետևողականորեն շարունակել է հակապետական այդ գիծը: Իսկ բևեռներն ամենևին չեն կարող բաժանված լինել ըստ արևմտամետության կամ ռուսամետության. դա վտանգավոր մոտեցում է: Հասուն պետականության, հասուն քաղաքական գործիչների պարագայում պետք է ունենայինք բացառապես արևմտյան քաղաքակրթական արժեքներ դավանող հոսանքներ: Իսկ դրա անհրաժեշտությունն, այո՛, կենսական պահանջմունք է:
Ո՞վ կարող է լրացնել արեւմտամետ ընդդիմության նշաձողը Հայաստանում:
Նախ՝ խոտանելի է «արևմտամետ» ձևակերպումը. հարկավոր է ընդունել, որ արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգի դավանումն է խնդիրը. այսինքն՝ խնդիրն արժեհամակարգային է և ոչ երբեք աշխարհաքաղաքական: Մենք դարձյալ կեղծ օրակարգի մեջ կմխրճվենք, եթե բաժանումը կատարենք իշխանություն և արևմտամետություն, մանավանդ որ դրանով ի սկզբանե կամրագրենք, թե ներկա իշխանությունն իբր արևմտյան քաղաքկրթական արժեքները չի ընդունում, նախորդի ժառանգորդն է:
Բայց չէ՞ որ դա մինչև վերջ այդպես չէ: Երկրորդ՝ ինչո՞ւ անպայման «ո՞վ» հարցադրմամբ, անհատականացմամբ: Արևմտականության իրական և կեղծ հայտեր ներկայացրածներ վերջին քսանամյակում երբեք չեն պակասել: Այսօր էլ, բարեբախտաբար, կան հայակենտրոն, այսինքն՝ արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգի կրող գործիչներ, և առանձնացնել, առավել ևս՝ որպես նշաձող շեշտելը բացասական հետևանքներով է հղի:
Քաղաքական ուժերը սկսել են քննարկումները ընտրական բարեփոխման շուրջ։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, օրինակ, երկու տարբերակ է առաջ քաշել՝ մաքուր համամասնական եւ բաց ռեյտինգային։ Ըստ Ձեզ, որ ընտրակարգն է առավել արդյունավետ Հայաստանում։ Դուք մասնակցո՞ւմ կամ մասնակցելո՞ւ եք այդ քննարկումներին։
Մեզ որևէ մեկը չի առաջարկել քննարկումների մասնակցել, ինչպես որ մեր առջև 2000թ.-ից ի վեր փակ են եղել ԶԼՄ-ների և նման քննարկումների դռները, այնպես էլ հիմա է: Իսկ առաջարկվածների մասին կարծիք հայտնել հնարավոր է, եթե մանրամասնվեն դեռևս դեկլարատիվ առաջարկները:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պայքար է սկսել քրեաօլիգարխիայի դեմ։ Քրեական անցյալով օլիգարխներ կան ոչ միայն իշխանազրկված ՀՀԿ-ում, այլեւ Փաշինյանի դաշնակիցների շրջանում։ Արդյո՞ք նոր կառավարության ձեռքերը կհասնեն նաեւ սեփական դաշնակիցներին։
Այո՛, կհասնեն, բայց միայն այնքանով, որքանով դա չի խոչընդոտի իշխանությունը պահպանելուն:
Ինչպե՞ս է Պահպանողական կուսակցությունը մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հնարավո՞ր է որեւէ դաշինքի կազմում։
Հնարավոր է և ցանկալի է, որ գաղափարական՝ արժեհամակարգային դաշինքի կազմում մասնակցենք ընտրություններին: Թեև առայժմ ինտրիգներն ավելի շատ են, քան համակարգային մոտեցումները, սակայն մենք կփորձենք մեզանից կախվածն անել:





































