Լայնածավալ գործողություն է սկսվել Հայաստանում հանցավորության կանխարգելման համար: Ոստիկանությունը նախօրեին խուզարկութուններ է իրականացրել Հայաստանում ապրող մի շարք քրեական հեղինակությունների տներում: Հայտնաբերվել են զենք, զինամթերք, թմրանյութեր, կան բերման ենթարկվածներ: Հետաքրքական է խնդրի քաղաքական տողատակը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանի և քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Իզաբբելա Աբգարյանի խոսքով՝ բավականին խոշոր օղակներում են բացահայտումներ իրականացվել, բայց սա դեռ սկիզբն է. «Այս բացահայտումների կծիկը հենց որ բացվի, դուրս են գալու դեպի պաշտոնյաներ, դեպի պաշտպանության նախարարություն: Ես սպասում եմ, որ կգա բացահայտումների այդ մակարդակը, և կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ կկանգնեն արդարադատության առաջ»: Նրա խոսքով՝ մինչ այս «իմ դեմ խաղ չկա» սկզբունքն է գործել:
«Այն, ինչ կատարվում է, ավելի շատ քաղաքացու հետ աշխատանք է և քաղաքական մոտիվ ունի, քան թե քրեական պատժի ենթարկելու: Մանվել Գրիգորյանի մասին Ֆեյսբուքում շատերը ցուցմունքներ են տալիս, հաղորդումներ են տալիս՝ հանցագործության մասին, տարբեր թվականների դեպքեր են պատմում, չգիտեմ կհասցնե՞ն սրանց հետևից ԱԱԾ-ն, ոստիկանությունը և դատախազութունը, կարծում եմ այս տեմպին չեն դիմանա, վստահ չեմ, որ ունեն այդքան մարդկային և տեխնիկական ռեսուրսներ առնվազն ֆեյսբուքյան գրառումները քննելու համար: Եթե օգտատերերի գրածների 50 տոկոսը նույնիսկ իրողություն է, պետք է քննություն, նախաքննություն իրականացնել»,- նշեց Ա. Գասպարյանը:
Ի. Աբգարյանի կարծիքով՝ այսօր չկան տաբուները՝ այն, որ կան արտոնյալ մարդիկ և նրանց ձեռք տալ չի կարելի: Նրա խոսքով՝ բնականաբար ԱԱԾ-ն տեղեկատվություն ունեցել է, ուղղակի հիմա «դաբրո» է ստացել գործելու. «Հարց է առաջանում. ինչո՞ւ մինչ այժմ որևէ մեկը չի պատժվել, որովհետև Էջմիածնում տիրող բարքերի մասին բոլորը գիտեին: Հանցագործության կոծկում է եղել»:
«Մինչև հեղափոխությունը չկա՞ր օպերատիվ տեղեկատվություն. հեղափոխությունը եղավ, և այսքան աղմկահարույց գործեր են բացահայտվում, որոնց մասին հասարակությունը նախկինում էլ հնչեցվել է, բայց պետությունն անհաղորդ է մնացել: Հիմա կա քաղաքական կամք, առաջ չկար, բացի դրանից՝ կար որոշում՝ չի կարելի այդ ամենը բացահայտել, քանի որ քաղաքական որոշումներ կայացնողները ներգրավված էին այդ պրոցեսներում»,- նշեց Է.Վարդանյանը:
«Բոլորս գիտենք՝ քրեական աշխարհը ուր է տանում, այս բացահայտումները վտանգավոր են բարեփոխումներ իրականացնողների համար»,- ընդգծեց բլոգերը: Նրա դիտարկմամբ՝ նախկին իշխանության բրգաձև համակարգի տակից եթե մի աղյուս ես հանում, փլվում է, այդ աղյուսներից էր Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը…, իսկ Նիկոլ Փաշինյանը բուրգը այլ ձև է կառուցել՝ հիմքում ժողովուրդն է, վերևում Փաշինյանը. «Նրան կարող է սպառնալ միայն ժողովրդի վստահությունը կորցնելը: Չի կարող որևէ քրեական հեղինակություն կամ քաղաքական գործիչ, որքան էլ հարուստ լինի, հաղթել մի ողջ ժողովրդի»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































