ԱՄՆ բնակիչները Սուրբ ծննդին սովորաբար նվերներ են նվիրում ոչ միայն հարազատներին և ընկերներին, այլ նաև սիրելի ընտանի կենդանիներին: Այս պատճառով ամերիկյան շատ ամսագրեր հրապարակում են կենդանիների համար ամենալավ սուրբծննդյան նվերների ցուցակներ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս տարի նվերների թվում են, որոնք անպայման դուր կգան չորքոտանի բարեկամներին, էլֆի հանդերձանք՝ ծովախոզուկի համար, երաժշտական անիվ՝ դաշտամկան համար, և սուրբծննդյան զարդարանքներ՝ ակվարիումի համար:
Շներին կարելի է նվիրել փողկապ, որպեսզի նրանք լինեն «ամենանորաձևը», կամ տաք բլուզ: Գլխավոր խորհուրդը, որ տալիս են ամերիկյան թերթերը տնային կենդանիներ ունեցողներին, այն է, որ անպայման նվեր գնեն սիրելի կենդանուն՝ անկախ այն բանից, թե նա ինչպես է իրեն պահել:
Վիճակագրության համաձայն՝ ընտանի կենդանիներ ունի ԱՄՆ բնակիչների 62%-ը: Շուն ունեցող մարդկանց կեսից ավելին և կատու ունեցողների 1/3-ը խոստովանել են, որ եղևնու տակ նվերներ են դնում նաև իրենց կենդանիների համար:







































