Գազայի հատվածում կանայք նոր հոբբի ունեն՝ կարատե: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, տարբեր տարիքի, մասնագիտության կանայք պարբերաբար հաճախում են Գազա քաղաքում գտնվող կարատե ակումբ: Պարապմունքներին նրանք կրում են սպիտակ կիմոնո, նրանց մի մասը գլխաշորով ծածկում է գլուխը, իսկ մյուս մասը՝ ոչ:
Ակումբը ղեկավարում է Գազայում կարատեի ամենահայտնի մարզիչը՝ Էմադ Համադը, որը կարատե է սովորել Եգիպտոսում:
«Մի քանի տարի առաջ ես սկսեցի պարապմունքի ընդունել աղջիկների, սակայն դա զանգվածային բնույթ է ստացել միայն վերջին ժամանակներս»,- ասել է Համադը:
Նրա խոսքերով՝ սկզբում բարդ էր ստեղծել միայն կանանց դասարան, այդ պատճառով կանայք և աղջիկները պարապել են տղամարդկանց հետ, իսկ այժմ հանգիստ հնարավոր է ձևավորել բացառապես կանանց և աղջիկների խումբ:







































