Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» պատրաստ է: Այդ մասին լրագրողներին երեկ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Ըստ նրա` քարտեզը պետք է արդեն դրվի քառակողմ քննարկման՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս:
Սա այն Վահրամ Ավանեսյանն է, որը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ Հայաստանը մինչև վերջ չի հաշվարկել ՄՄ-ին անդամակցելու ռիսկերը: Հետաքրքիր է, արդյո՞ք այս մի քանի շաբաթվա ընթացքում հասցրեցին բոլոր ռիսկերն ուսումնասիրել, որ պատրաստել են «ճանապարհային քարտեզը»: Բայց, Հայաստանի իշխանության մոտ երևի ընդունված չէ «ճանապարհային քարտեզներ» պատրաստելիս ռիսկեր ուսումնասիրել: Օրինակ` հայ-թուրքական «ճանապարհային քարտեզում» էլ Հայաստանի համար համատարած ռիսկեր էին: Հարց է առաջանում` կամ Հայաստանը ինքը չէր պատրաստել այդ քարտեզը, կամ պատրաստել էր առանց ռիսկերը հաշվի առնելու: Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը», բարեբախտաբար, քնեցվեց, սառեցվեց, հիմա փոշոտվում է Հայաստանի և Թուրքիայի պառլամենտական գզրոցներում: Սակայն ռիսկերը շարունակում են մնալ, քանի որ ամեն պահի այդ «ճանապարհային քարտեզը», որ արդեն ստորագրված արձանագրությունների տեսք ունի, կարող է վերսկսել իր գործողությունը, և այդժամ Հայաստանի համար կրկին առաջանում են վտանգավոր մարտահրավերներ:
Փաստորեն, մի քարտեզին հիմա գումարվում է մյուսը: Այսինքն` Այսինքն` Հայաստանի չհաշվարկված ռիսկերը Հայաստանն արդեն երկու «ճանապարհային քարտեզ» ունի` երկու չհաշվարկված ռիսկերով:կրկնապատկվել են, կրկնապատկվել են մարտահրավերները: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները 2008 թվականին հասարակությանը խոստանում էին երկրի համախառն ներքին արդյունքը կրկնապատկել: Այդ արդյունքի փոխարեն, այսօր կրկնապատկվել են ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու «ճանապարհային քարտեզները», իսկ ՀՆԱ-ն եթե ոչ կրկնապատիկ, ապա էապես նվազել է:
Այդ ամենը վկայում են, որ Հայաստանը, ունենալով մի քանի «ճանապարհային քարտեզներ», իրականում շեղվել է ճանապարհից և պարզապես մոլորվել է: Այսինքն` ինչքան շատ են «ճանապարհային քարտեզները», այնքան հեռու են իրական, անվտանգ ճանապարհները. ինչպես ասում են՝ ինչքան բարձր է կուլտուրան, այնքան ցածր է համբույրը: Իհարկե, Հայաստանի շուրջ իրավիճակն ամենևին կատակելու չէ, քանի որ սեղանին դրված է երկրի գոյության հարցը, անկախության, ինքնիշխանության հարցը:
Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հայաստանի հասարակությունը փորձում է գուշակել կամ կանխատեսել, թե ինչ կասի Դավութօղլուն Երևանում: Մինչդեռ նրա այցելության, այսպես ասած, իրական բովանդակությունն անկասկած մնալու է հասարակությունից թաքուն, և հանրությունն այդ այցելության ձայնն ամենայն հավանականությամբ կլսի ավելի ուշ, և միգուցե կլսի դադարներով, տարբեր տեղերից: Դավութօղլուն Երևան չի գալիս հայտարարություններ անելու համար, հայտարարությունների համար նա այլ, ավելի հնչեղ ամբիոններ կարող է գտնել: Դավութօղլուն Երևան է գալիս քննարկումների համար, ընդ որում` ոչ թե սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում, այլ Հայաստանի և Ռուսաստանի միջև, կամ ավելի ճիշտ՝ Մոսկվան փորձում է Հայաստանի և Թուրքիայի առերեսում կազմակերպել Երևանում:
Բանն այն է, որ այս ֆորմատը՝ Սևծովան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, ըստ էության եզակի ֆորմատ է Ռուսաստանի համար, որտեղ դուրս են մնում Միացյալ Նահանգներն ու եվրոպական առաջատար տերությունները: Սա բացառիկ հնարավորություն է Ռուսաստանի համար, այսպես ասած, ֆորմալ շրջանակներում կազմակերպել «ոչ ֆորմալ» գործընթացներ կամ բանակցություններ Թուրքիայի և Հայաստանի ներգրավվածությամբ և այդ ընթացքում փորձել անցկացնել ռուսական քաղաքականության նախագծերը կովկասյան ռեգիոնի հետ կապված:
Ինքնին հասկանալի է, որ առանձին հայ-թուրքական հավաք Մոսկվան նախաձեռնել չի կարող, իսկ որևէ այլ միջազգային ֆորմատում միշտ կան կողմնակի «աչքեր» ու «ականջներ» և այդ իմաստով Ռուսաստանի համար սա իրապես եզակի հնարավորություն է, որ փորձում է Մոսկվան օգտագործել: Այսինքն` սա մի ձևաչափ է, որը ունի անմիջական հակազդեցության սուբյեկտներ: Թուրքիան էլ, իհարկե, այս ֆորմատին դեմ չէ, այսպես ասած` Թուրքիային սա չի խանգարի: Ավելին` միգուցե սրանով կնյարդայնացնեն Արևմուտքին: Հայաստանն, իհարկե, այս ֆորմատում ոչինչ չունի, սակայն քանի որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին մերժելու ուժ չունի, ստիպված ենթարկվելու է խաղի կանոններին:
Այս ամենին միգուցե կարելի կլիներ ավելի հանգիստ վերաբերվել, եթե չլիներ քառամյա վաղեմության նախադեպը, երբ նույն ձևաչափով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին Երևան ժամանեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, իսկ բառացիորեն երեք օր հետո՝ ապրիլի 24-ի նախօրյակին եղավ հայ-թուրքական համատեղ ամոթալի հայտարարությունը, որը հարված էր թե Հայաստանի պետական շահերին և թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսինքն` Թուրքիան ու Մոսկվան անմիջական հակազդեցությունից զուրկ այս ֆորմատը մի անգամ օգտագործել են Հայաստանի դեմ, և չնայած ինչ-ինչ զարգացումների արդյունքում հաջողվեց գոնե սառեցնել այդ ամենը, այնուամենայնիվ ոչ մի երաշխիք չկա, որ նոր փորձը ավելի հաջող առաջ չեն տանի կամ չեն փորձի այս փորձով առաջ տանել հինը:









































