Արցախում ստեղծված իրավիճակը բնականորեն մեծ արձագանք է ստացել Հայաստանում՝ հիմնականում տագնապի տեսքով. Արցախի ապակայունացումն անթույլատրելի է ռազմական իրադրության պատճառով: Դա բնական մտահոգություն է, այլ կերպ չէր էլ կարող լինել:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս անդրադարձել է Արցախում սկսված բողոքի շարժմանը. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»:
Հեղափոխական Արցախ, թե՞ երրորդ ուժի ներգործություն. «Առաջին լրատվական»- ի տաղավարում այս թեմայով կազմակերպված քննարկմանը մասնակցեցին Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքական մեկնաբան Գառնիկ Գևորգյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարող է Ստեփանակերտում տեղի ուենցած կենցաղային միջադեպն այսպիսի ծավալներ ստանալ, Լարիսա Ալավաերդյանը նշեց. «Արցախի հանրապետությունում, ինչպես բոլոր այն երկրներում, որտեղ նոր-նոր՝ վերջին տասնամյակներում է կայանում ժողովրդավարությունը, կան դժգոհություններ, որոնք մարդկանց բերում են բավականին ագրեսիվ վիճակների: Եթե ընդհանուր սոցիալական պրոբլեմներ կան, ապա հասարակ կենցաղային միջադեպը կարող է շատ արագ վերաճել և առաջացնել պահանջատիրություն: Եվ երկրորդ՝ կան մեխանիզմներ, այդ թվում նաև քաղհասարակության հետ շփումը, հետադարձ կապը, որոնք վերջին տարիներին այդքան էլ զարգացած չէին, և այսպիսի երևույթները տիպիկ են»:
Անդրադառնալով հարցին՝ այն, ինչ կատարվում է Արցախում, հայաստանյան իրադարձությունների պրոյեկցիա՞ն է, Կարեն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ կային ինչ-որ ուժեր, որ փորձեցին պրոյեկտել. «Բայց կենցաղային միջադեպ էր, որը չէի ասի, թե մեծ ծավալներ ստացավ, թեև ինչ-որ աղմուկ բարձրացավ… Այնուամենայնիվ, հայաստանյան վերջին իրադարձությունները լարեցին ղարաբաղցիներին: Այնտեղ անընդհատ կա պատերազմի վտանգը՝ տոտալ և պերմանենտ, և երբ այդ լարվածության հետ գալիս է մեկ այլ լարվածություն, կարող է կենցաղային բնույթի միջադեպը վերածվել այլ բանի, բայց այնտեղ ամնեևին էլ հայաստանյան իրականություն չի եղել»:
Գառնիկ Գևորգյանի դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել առանձնահատկությունը, այն է՝ ԼՂ-ի՝ պատերազմող երկրի կարգավիճակը. «Դա նշանակում է, որ ոչ ժողովրդավարության անցման ճանապարհը, ո՛չ էլ այլ հարցեր, դասական մոդելի մեջ չեն տեղավորվում: Այնտեղ հայաստանյան իրականություն չէ, ավելին՝ շատ վտանգավոր են հղումները հայկական հեղափոխությունը Հայաստանից Արցախ տանելու վերաբերյալ: Այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում, հակահեղափոխություն է Հայաստանի հեղափոխությանը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































