Դժվար է հիշել, թե արդեն քանի տարի է այսպես: Երևանի իշխանությունները ամեն տարի հայտարարում են, որ պատրաստ են ձմռանը, և ամեն տարի բավական է մի քանի ժամ ձյուն տեղա, ու պարզ է դառնում, որ Երևանում իշխանություններ չկան, այլ կան ընդամենը փողի վրա նստած փող աշխատողներ: Սրա վառ վկայությունն այն է, որ Երևանում, օրինակ, կարող են քաղաքով մեկ 99 միլիոն դրամի անիմաստ նստարաններ շարել, բայց քաղաքը չունի ձյուն մաքրող, հեռացնող ժամանակակից տեխնիկա, որի միջոցով հնարավոր կլիներ արագորեն կազմակերպել քաղաքի ազատագրումը ձյունից՝ թույլ չտալով, որպեսզի քաղաքացիները կիրակի օրով ժամերով մնան փողոցներում: Բավական էայսօր երեկոյան նայել, թե ինչպես են մարդիկ տասնյակ մետրերով շարվել փողոցներում և սպասում տրանսպորտի: Նույնը նաև լինելու է վաղն առավոտյան:
Եթե Տարոն Մարգարյանը 99 միլիոն դրամի նստարանների գոնե կեսը չշարեր քաղաքում՝ քաղաքացիները ամռանը մի կերպ ոտքի վրա կմնային, որովհետև ամռանը հեշտ է ոտքի վրա մնալը, իսկ ահա ձմռանը դա ծանր բան է: Տարոն Մարգարյանը, որ մի քանի թանկարժեք մեքենա է հայտարարագրում, դժվար թե հիշի՝ ինչ բան է ձմռանը փողոցում ոտքի վրա տրանսպորտի սպասելը, երբ չմաքրված ձյան կամ գծի տիրոջ քմահաճույքով տրանսպորտը դուրս չի գալիս երթուղի:
Նույն քաղաքապետարանը, Երևանում կամարանցումներն էր ներկում ու զարդարում՝ դրա վրա ծախսելով ևս մոտ 90 միլիոն դրամ: Երևանցիները մի կերպ կարող էին դիմանալ չներկված ու չզարդարված կամարանցումներին, մի կերպ կարող էին առավել համեստ, ընդամենը մաքուր կամարանցումներով յոլա գնալ, եթե այդ տասնյակ միլիոնները ուղղվեին ոչ թե գերուռճացված նորոգումներին, այլ Երևանը ձմռանը նախապատրաստելուն, որ քաղաքն ունենար ձյուն մաքրող տեխնիկա ոչ միայն կենտրոնի մի քանի փողոցների համար, որով Տարոն Մարգարյանը, Տիգրան Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանն աշխատանքի են գնում, այլ ամբողջ քաղաքի, այդ թվում՝ նաև ծայրամասերի համար: Թե ինչքան գումարներ են Մարգարյանի քաղաքապետության ժամանակաշջանում մսխվել անիմաստ արդուզարդի վրա՝ երևի օրեր կպահանջվի հաշվելը, բայց ընդամենը մեկ օր ձյունը բավական է, որ պարզ լինի՝ այդ գումարները պարզապես ջուրն են նետվել կամ այն ցեխաջուրը, որ ողողում է Երևանի փողոցներն ու բակերը:









































