«Խաղաղ հեղափոխության շղթան շարունակվում է, և այն ուսանողները, ովքեր դուրս էին եկել և պայքարում էին երկրում փոփոխություններ իրականացնելու համար, հիմա լոկալիզացրել են խնդիրը ԵՊՀ տարածքում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Վրաստանի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը՝ հավելելով, որ ԵՊՀ-ն Հայաստանի ամենակարևոր օղակներից մեկն է, որովհետև այնտեղ պետք է սովորեցնենք մտածել, ինչը երկար ժամանակ չի արվել կամ արվել է շատ վատ: «Այն ստրկամտական հարաբերությունները, որ կուտակվել է բուհական համակարգում, պետք է կոտրվեն, մենք պետք է քննադատական միտք ունեցող ուսանողների տարածք ունենանք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ նշանակություն պետք է տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական կայանալիք այցին Վրաստան, Ա. Խառատյանը նշեց. «Կարծում եմ և՛ տարածարշջանային, և՛ գլոբալ համատեքստում մի քանի կարևոր խնդիրներ պետք է առանձնացնենք, նախ այն, որ Հայաստանի վարչապետն իր առաջին այցը կատարում է հենց հարևան երկիր, դրանով ուղերձ է հղում աշխարհին, որ այս երկիրը մեզ համար առավել կարևորներից է: Ըստ վիճակագրության՝ 2017թ. Վրաստան է մտել 1,7 մլն Հայաստանի քաղաքացի, այսինքն՝ մենք Վրաստանի ամենամեծ թվով այցելուներն ենք:
Մենք Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններում արդյունավետորեն կարողացել ենք պահել մի շարք սկզբունքային ուղղություններ, մեր միջև կա ազատ առևտրային պայամանգիր, գուցե կարողանալու ենք օգտվել Վրաստանի՝ ԵՄ երկրների հետ կնքած ազատ առևտրային պայմանագրից, միաժամանակ Վրաստանն էլ արդեն իսկ օգտվում է մեր մաքսային միության անդամակցությունից:
Հայաստանը կարող է էֆեկտիվ տարածք լինել Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման համար»:
Ա. Խառատյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցի շրջանակում լինելու են հանդիպումներ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այն, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները շարունակական էլ ավելի ուժեղացնելու և ինստիտուցիոնալ հիմքեր դնելու հնարավորություն կա, սա փաստ է: Վրաստանում ուշի ուշով հետևել են Հայաստանում տեղի ունեցածին, և ոգևորություն կա, վրաց գործընկերները տեսնում են հնարավորություն էլ ավելի խորացնելու հայ-վրացական հարաբերությունները»:
Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, Ա. Խառատյանը նշեց, որ հեղափոխական պրոցեսը շարունակվում է. «Մարդիկ ինքնակամ սկսում են իրենց պոստերը լքել: Լավ է, որ կադրային ջարդ չի արվում: Խաղի նոր կանոններ են հաստատվել, ով չի կարողանում վերափոխվել և ադապտացվել նոր վիճակին, նրանց համար դժվար է լինելու այս պայմաններում գործել»: Մեր զրուցակիցը նաև վստահեցրեց, որ բուրգը շարունակաբար ճաքեր է տալու:
Մանրամասները՝ տեսանյութում:









































