Հայաստանը պատրաստ է ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել ֆրանսիացի գործարարների համար երկրում նոր ներդրումներ ներգրավելու նպատակով: Երևանում մայիսի 28-ին Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ կողմերը հանձնառու են ջանքեր գործադրել առևտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու համար:
«Ֆրանսիական գործարարները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, և մենք պատրաստ ենք ամենաբարենպաստ պայմաններն ստեղծել նոր ներդրողների համար, որպեսզի տեսնենք ավելի շոշափելի արդյունքներ: Մենք կարծում ենք, որ դրա նախադրյալները կան, բայց դրանց մասին խոսելը չի կարևոր, այլ տեսնելը, շարունակել աշխատելը: Մենք կարծում ենք, որ շատ շուտով դա կունենա կիրառական արտահայտություն»,-ավելացրեց ՀՀ ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը տնտեսական համագործակցությունը խորացնելու համատեքստում կարևորեց նաև Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության նպատակով ներդրումների և խթանման Proparco ընկերության՝ Հայաստանում հաստատման ու գործունեության մասին համաձայնագրի կնքումը:







































