Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն պատասխանել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նամակին, որով կոչ էր արվում ԱՄՆ-ին Հայաստանի զարգացման համար հատկացնել 140 միլիոն դոլար։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում, և տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում», -նշել է Պոմպեոն Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը չի նախատեսում որևէ երկրին արագացված կերպով գրանտ հատկացնել։ Նշենք, որ այս բանից հետո, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն տեղի ունեցավ, ԱՄՆ Հայդ դատի հանձնախումբը պետդեպից խնդրել էր «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շրջանակում 140 միլիոն դոլարի գրանտ հատկացնել Հայաստանի կրթական և ենթակառուցվածքային կարիքների համար։

Ամերիկագետ Արեգ Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի քանի դիտարկում արեց՝ շեշտելով, որ նման հարցով պետդեպին պետք է դիմեր ոչ թե հայկական լոբբիստական կազմակերպությունը, այլ պաշտոնական Երևանը։ «Եթե Հայաստանի կառավարությունը դիմի Միացյալ Նահանգներին և ասի, որ ինստիտուտների ժողովրդավարության, հումանիտար ուղղությունների համար գումար է անհրաժեշտ ու սկսվի երկխոսություն, ապա այդ երկխոսության ընթացքում կքննարկվի ամերիկյան օգնության տարբեր ֆորմատներ, այդ թվում՝ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շրջանակներում»։
Ըստ Գալստյանի՝ հայկական կողմը երկու սխալ է թույլ տվել. «Առաջինը՝ Ամերիկայի հայերը, ըստ էության, չեն կարող դիմել նման խնդրանքներով՝ մեկ պատճառով, որովհետև նրանք ամերիկյան հասարակական կազմակերպություն են, Ամերիկայի հարկատու և ԱՄՆ քաղաքացի։ Իսկ ԱՄՆ-ի քաղաքացիները չեն կարող դիմել պետությանն ու պահանջել, որ այլ պետությանը օգնություն հատկացնի։ Դա մինիմում էթիկապես ճիշտ չէ։ Այդ հարցով պետք է զբաղվի Հայաստան պետությունը։ Այդ ամենի մասին պետք է տարրական պատկերացում ունենալ, որպեսզի հետո պետքարտուղար Պոմպեոն քեզ լեկցիա չկարդա, թե դա ինչպես պետք է արվի»։
Հաջորդիվ Գալստյանը նշում է. «Որտեղի՞ց վերցրեցին 140 միլիոն դոլարը։ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը շատ հստակ չափանիշներ ունի, որոնցով որոշվում է, թե ինչքան գումար է հատկացվում այս կամ այն ծրագրի համար։ Եվ այստեղ բոլորովին պարզ չէ, թե ինչպես ձևավորվեց այդ թիվը։ Կա ընդհանուր ձևակերպում՝ բարեփոխումների համար այսքան գումար, բայց հասկանալի չէ՝ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը։ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը չի ֆինանսավորում ամորֆ ու աբստրակտ բարեփոխումներ։ Այն դուրս չի գրում գումարներ, որոնք դու նստել ու երևակայել ես։ Կարող էիր ասել ոչ թե 140 միլիոն, այլ միլիարդ, եթե դու չես հասկանում՝ ինչ ծրագրերի համար ես ուզում, ապա ինչո՞ւ ես դիմում։ Ըստ էության Մայք Պոմպեոն շատ նուրբ ակնարկ արեց, ասաց՝ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը չունի մեխանիզմներ, որպեսզի առանձին պետություններին առանձին գրանտներ հատկացնի։ Կոպիտ ասած՝ նա ամոթանք է տվել այդ մարդկանց՝ ասելով, որ դուք նույնիսկ չգիտեք ինչպես է կառուցված պետական գրանտների ու ֆոնդերի համակարգը։ Ես դա ուղղակի պոպուլիզմ եմ որակում, նման խնդրանքը լուրջ չէ»։
Ըստ մեր զրուցակցի՝ նախ պետք է դիմեր պաշտոնական Երևանը, ապա երկրորդ փուլում հայկական լոբբիստական կազմակերպությունները պետք է աշխատանք տանեին, որպեսզի այն հաստատվի, կամ գուցե գումարն ավելացվի. «Լոբբիստական կազմակերպությունների աշխատանքը պետք է սա լինի, ոչ թե ընդհանրապես անհասկանալի պոպուլիստական հայտարարություններ, որ հետո էլ Պոմպեոն նման ամոթանք տա»։
Գալստյանը շեշտում է՝ ԱՄՆ-ը շատ հստակ ուզում է լսել հայկական պետության ձայնը. «Ոչ թե ամերիկյան հասարակական կազմակերպությունների ձայնը, այլ հենց պաշտոնական Երևանի ձայնը՝ ինչ պահանջներ ու մոտիվացիա ունի։ Եթե հարցին պետական մոտեցում ցուցաբերվի՝ նոր կարելի է այդ մասին խոսել։ Ի՞նչ եք կարծում՝ պետքարտուղարը պետք է այդ հարցը քննարկի հասարակական կազմակերպությունների հե՞տ, ո՛չ, մինիմում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ»։
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորանքի բովանդակությունը փորձագետներից շատերն աննախադեպ որակեցին։ Արեգ Գալստյանը հակադարձում է՝ որևէ արտասավոր բան չկար, և երևակայությունների գիրկն ընկնել պետք չէ. «ԱՄՆ նախագահները շնորհավորել են Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հենց այդպիսի պրոտոկոլային հայտարարություն էր, ոչ ավելի, ոչ պակաս։ Նույն հույսերն են՝ առ այն, որ նոր կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, որ պետք է դեմոկրատական ինստիտուտները զարգանան։ Բայց երկկողմ հարաբերությունների զարգացումն ամբողջությամբ կախված է Հայաստանից։ ԱՄՆ-ը Հայաստանի փոխարեն իր խնդիրները չի լուծելու, դա պետք է հստակ հասկանալ։ Եթե Հայաստանը պատրաստ է դիմել ԱՄՆ-ին կոնկրետ ուղղությամբ ու կոնկրետ դիվիդենտներ առաջարկել՝ ամերիկացիները կխոսեն»։
Արեգ Գալստյանը շարունակում է. «Մենք այսօր գործ ունենք ԱՄՆ ամենապրագմատիկ վարչակազմի հետ, նրանք տարեցտարի կրճատում են արտաքին հատկացումները համարյա բոլորին՝ բացառությամբ Իսրայել, Իռլանդիա և Լեհաստան, որովհետև նրանց լոբբիստական կազմակերպությունները ապահովել են երկկողմ հարաբերությունների բացառիկ կարգավիճակ։ Բայց Հայաստանի դեպքում այդպես չէ, ամերիկացիները ամեն տարի կորցնում են Հայաստանի նկատմամբ ունեցած ռազմավարական հետաքրքրությունը»։
Դրանից բացի՝ ըստ Գալստյանի՝ ամերիկյան այսօրվա վարչակազմը Հայաստանին տեսնում է իր հիմնական թշնամիների՝ Ռուսաստանի և Իրանի մտերիմ դաշնակից։ «Այսպիսի աշխարհաքաղաքական պայմաններում պետք է պետությունն իրեն մատուցել իմանա։ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի, բայց պաշտոնական Երևանն ասում է, որ ոչ մի լուրջ արտաքին քաղաքական փոփոխություն չի նախատեսվում, փաստորեն չենք պատրաստվում բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը, ու եթե չենք պատրաստվում համագործակցության նոր հեռանկարներ գտնել, այդ թվում՝ Վաշինգտոնի հետ, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա խոսքն ինչ-որ ծիծաղելի 140 միլիոնի մասին է, դա շատ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, ինչքան հայկական կողմը զբաղվի պոպուլիզմով, ոչ մի լուրջ երկխոսության մասին խոսք լինել չի կարող։ Նստել հեքիաթներ հորինել, թե շնորհավորանքը յուրահատուկ էր, լուրջ չէ։ Ես վստահեցնում եմ՝ դա Թրամփը չի գրել, դա իր սփիչրայթերն է գրում, ու ինքն ուղղակի մի շարք թղթեր ստորագրում է։ Ստեղծել եք տպավորություն, որ Թրամփը նստել ոգեշնչվել է հայկական հեղափոխությամբ և որոշել է շնորհավորանք հղել, դա բացարձակ լուրջ չէ»,- եզրափակեց նա։









































