«Վերջին օրերի գնանկումը հիմնականում պայմանավորված է այն կոռուպցիոն մեխանիզմների վերացումով, որոնք այս տարիներին առկա էին մաքսային մարմիններում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը։
Նա մեկ օրինակ բերեց, որն իր ասածի վառ ապացույցն է։ Մասնավորապես, թե ինչպես է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կարճ ժամանակում հարստացել և միլիոններ դիզել Հայաստանում և արտերկրում։ «Գագիկ Խաչատրյանը մինչև պաշտոնը զբաղեցնելը չուներ որևէ բիզնես, բայց այսօր ահռելի հարստություն ունի աշխարհի տարբեր երկրներում։ Այդ հարստությունը դիզվել է տարիներ շարունակ մաքսային մարմիններում մաքսավորների կողմից ոմանց համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Կոռուպցիոն բուրգի գագաթին Սերժ Սարգսյանն էր, իսկ մնացածը ստանում էին իրենց մասնաբաժինները։ Հիմա այդ սխեման իրականացնելը դարձել է բավական դժվար։ Վարչապետը կոչով դիմեց մաքսավորներին, և մենք տեսնում ենք բոլորովին այլ վիճակ։ Արդեն շուկային գնանկում ենք նկատում»,- նշեց Թադևոսյանը։
Նրա խոսքերով՝ այդ վիճակի համար բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միևնույն ժամանակ, Թադևոսյանի խոսքերով, ոչ ՏՄՊՊՀ-ն, ոչ այլ վերահսկող մարմին ոչինչ չէր կարող անել, քանի որ նրանց բոլորի գործունեությունը կախված էր Բաղրամյան 26-ում նստած մեկ անձից։
Տնտեսագետի խոսքերով՝ առաջիկայում ևս գնանկում կլինի տարբեր ապրանքների մասով։ Առաջիկայում պետք է զարկ տալ ՓՄՁ-ներին, բացառել մենաշնորհները, արտոնություններ սահմանել բիզնեսի համար։







































