Իսրայելը չի կարծում, որ Գազայի հատվածում տեղի ունեցածը կապ ունի ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխման հետ։ Այս մասին ասել է Երուսաղեմի հարցերով իսրայելցի նախարար Զեև Էլկինը։
«Առաջինը՝ Գազայի հատվածում տեղի ունեցած անկարգությունները որևէ կապ չունեն ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հետ։ Իսրայելի հետ սահմանին անկարգությունները շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Դրանք սկսվել են հենց այդ հատվածում տիրող իրավիճակի պատճառով, երբ պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը կտրուկ կրճատեց Գազայի հատված փոխանցվող ֆինանսավորումը, և ՀԱՄԱՍ-ն իրեն մեկուսացված զգաց», – ասել է իսրայելցի նախարարը։

Նրա խոսքով՝ այդ շարժման միակ նպատակն է Իսրայելի հետ սահմանի հատումը։
«Դա ոչ մի կապ չունի դեսպանատան հետ, այլ անմիջական կապ ունի ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման հետ, ըստ որի Իսրայելը պարզապես գոյության իրավունք չունի», – նշել է Էլկինը։
Մայիսի 14-ին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։









































