«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ ադրբեջանցիները սպասում են, թե ինչ տեղի կունենա Հայաստանում։ Եթե որոշակի կոլապս լինի պաշտպանական համակարգում, ապա վտանգը կարող է մեծանալ:
«Ընդհանրապես դա զինվորականների սովորական աշխատանք է՝ այսպիաի անսպասելի իրադարձություններում տեխնիկան մոտեցնել սահմանին, հետևել այն երկրի իրադարձություններին, որը որպես թշնամի ես ընկալում, իսկ Ադրբեջանում Հայաստանն ու Արցախը որպես թշնամի են ընկալվում, ավելին՝ որպես մեկ մարմին։ Այո՛, վտանգ կա, մենք չենք կարող ասել, որ 1994 թվականից սկսած այդ վտանգը չի եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը Ղարաբաղյան ճակատում լիովին պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի: Ի դեպ, այս մասին տեղեկացնում է ռուսական Независимая газета-ն՝ հավելելով, որ Բաքուն արձագանքում է Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին:
Իսկանդարյանը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ հայկական կողմից լսվում են հայտարարություններ, որ Ղարաբաղի ճակատագրի մասին պետք է խոսեն ղարաբաղցիների հետ, բայց դրա համար պետք է հակառակ կողմի համաձայնությունը: «Ադրբեջանը դրան համաձայնություն չի տվել և առաջիկայում էլ չի տա։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղանին հավանական չէ»,- ընդգծեց քաղաքագետը։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարների փոփոխությանը. «Ես ճանաչում եմ երկուսին էլ, բայց հարցը անձնապես ճանաչելը չէ։ Երկու դեպքում էլ նշանակվել են պրոֆեսիոնալներ, որոնք հենց այն կառույցներից են, որը ղեկավարում են։ Այսինքն՝ չեն բերվել քաղաքական գործիչներ այլ ոլորտից կամ շրջապատից։ Այդ դեպքում տեսականորեն մտահոգվելու առիթ կլիներ, որովհետև որոշ այլ դեպքերում այդպիսի բան եղել է՝ ես նկատի ունեմ, օրինակ, փոխվարչապետերին»,- ասաց Իսկանդարյանը։
Քաղաքագետը հավելում է. «Արտաքին քաղաքականությունը հիմնովին փոխել հնարավոր չէ, Հայաստանն այդպիսի շքեղություն իրեն թույլ տալ չի կարող»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































