Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առաջարկով՝ հարավամերիկյան հանրապետության Ազգային ժողովը նախկին նախագահ Ուգո Չավեսի մշակած՝ սոցիալիզմի կառուցման ծրագիրը համարել է օրենք: Ծրագիրն օրենքի վերափոխելու օգտին երեքշաբթի քվեարկել է Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության խմբակցությունը, որը մեծամասնություն է կազմում միապալատ խորհրդարանում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ուգո Չավեսը, ով կյանքից հեռացավ այս տարվա մարտին, մշակել էր Վենեսուելայում սոցիալիզմի կառուցման ծրագիրը 2013-2019թթ. համար և այն հռչակել որպես իր նախընտրական ծրագիր՝ անցած տարի կայացած նախագահական ընտրությունների նախաշեմին: Փաստաթղթում, որը կրում է «Հայրենիքի ծրագիր» անվանումը, պարունակվում են վեցամյա ժամանակաշրջանում երկրի զարգացման հիմնական ուղղությունները:
Ծրագիրը նախատեսում է ХXI դարի բոլիվարական սոցիալիզմի հետագա կառուցում՝ որպես «վայրի կապիտալիզմի» այլընտրանք, նոր տեսակի սոցիալ-տնտեսական կապերի ամրապնդում, ազգային հարստությունների բաշխման սոցիալիստական ձևի ներդրում: Ծրագիրը նախատեսում է միջոցառումների ընդունում՝ ուղղված երկրի պաշտպանունակության ապահովմանն ու անկախության ամրապնդմանը:







































