Ավելի վաղ գիտնականները փորձել են տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ հաբեր ստեղծել, հաղորդում է Daily Mail-ը: Սակայն հորմոնների մակարդակի կամ սպերմատոզոիդների շարժը ճնշող հաբերը մի շարք թերություններ են ունեցել. տղամարդիկ բողոքել են անտարբերությունից և լիբիդոյի անկումից:
Վերջերս Ավստրալիայում գտնվող Մոնաշի համալսարանի գիտնականների խումբը հակաբեղմնավորման նոր միջոց է մշակել, որի ազդեցությունը տարբերվում է վերը նշված հաբերից:
Գիտնականների խմբի ղակավար Սաբատինո Վենտուրայի խոսքով՝ հաբերի գործելու մեխանիզմը ենթադրում է սերմնաժայթքմանը մասնակցող երկու սպիտակուցների արգելափակում:
«Նոր մեթոդի դեպքում սեռական ակտի ժամանակ սպերման մնում է մարմնի ներսում: Այս հաբի օգտագործումը չի ազդում հորմոնալ ֆոնի կամ սպերմատոզոիդների ակտիվության վրա, իսկ սա նշնակում է կողմնակի ազդեցությունների զգալի կրճատում: Մեր միջոցն իսկապես կօգնի խուսափել այդ բոլոր խնդիրներից: Այս միջոցի առավելությունը սեքսուալ հետաքրքրության պահպանումն ու ընտանիքի պլանավորման հնարավորությունն է: Այսինքն՝ եթե դուք ուզենաք երեխա ունենալ, բավական է դադարեցնել հաբ ընդունելը»,- ասել է բժիշկ Վենտուրան:
Նոր մեթոդը փորձարկել են մկների վրա, ինչի արդյունքում՝ կրծողների 100 %-ն անպտուղ է դարձել: Սակայն նրանց ներսում գտնվող սպերման վնասված չի եղել, դեղի ընդունումը դադարեցնելուց հետո արուներն առողջ սերունդ են ունեցել:









































