Անառողջ սննդի՝ այսպես կոչված «ջանք ֆուդի» գովազդը կարող է արգելվել Լոնդոնի հասարակական տրանսպորտում՝ ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է քաղաքապետ Սադիկ Խանը,- հաղորդում է տեղի մամուլը:
Այս հայտարարությունը հնչել է Public Health England պետական գործակալության հաշվետվության հրապարակումից մի քանի օր առաջ, թե ինչպես են մթերք արտադրողները պահպանում պայմանները, որ սահմանվել են անցյալ տարի՝ նպատակ ունենալով սահմանափակել սննդի մեջ շաքարի պարունակությունը 20 տոկոսով: Պաշտոնյաները խոսում են «լարած ռումբի մասին», քանի որ Լոնդոնում երեխաների մոտ 40 տոկոսը ավարտում են տարրական դպրոցը կամ ավելորդ քաշով, կամ՝ ճարպակալմամբ: Ավելի աղետալի է վիճակը Լոնդոնի աղքատ թաղամասերում:

Արգելքը վերաբերելու է անառողջ սննդին: Նման սննդի ցանկում է այն ուտելիքը, որը շատ ճարպ, աղ և շաքար է պարունակում:
Սադիկ Խանի նախաձեռնությունը հավանության է արժանացել Նյու Յորքի նախկին քաղաքապետի՝ Մայքլ Բլումբերգի կողմից, որն ասել է, որ այն կարող է օրինակ դառնալ մյուս քաղաքների համար:









































