Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն օրեր առաջ հայտարարություն տարածեց, որ հանում է իր թեկնածությունը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում:
Նավասարդյանը մասնավորապես նշել էր, թե ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի ղեկավարելու ԱլԳ քաղհասարակության կառույցը:
Հատկանշական է, որ պլատֆորմից վերջերս դուրս էին եկել Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի 189 անդամներից երեքը՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը:
Նրանցից Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում իր այդ որոշումը պայմանավորել էր Նավասարդյանի հետ սրված հարաբերություններով:
Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մակարյանը նշեց, որ Բորիս Նավասարդյանի հրաժարականից հետո հնարավոր է՝ վերադառնա պլատֆորմ, եթե այն գնա առողջացման ուղղությամբ. «Ես նոր եմ իմանում իր այդ որոշման մասին: Որքանով էի ես էի տեղյակ՝ նա ցանկանում էր վերընտրվել Արևելյան գործընկերության 6 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնախմբի ղեկավար, հետո հրաժարվեց: Որոշ ընթացք նա ղեկավարում էր այդ հանձնախումբը, այդ թվում՝ Քիշնևում:
Հետո ես իմացա, որ կարծես ինչ-որ բան այնպես չի եղել, և նա ինքնաբացարկ է հայտնել, շատ կողմնակի աղբյուրներից եմ իմացել. դա իմ ինֆորմացիան է… Հնարավոր է՝ դրանից հետո նրա մոտ ծագել են հրաժարական տալու մտքեր: Համենայնդեպս, եթե պլատֆորմի գործունեությունը գնա առողջացման ուղղությամբ և դառնա թափանցիկ, ես կվերականգնեմ իմ մասնակցությունը»:
Մասնավորեցնելով իր միտքը՝ Մակարյանն ընդգծեց, որ իր գնահատմամբ՝ առողջանալը կլինի այն, եթե ավելի պրոֆեսիոնալ մարդիկ վերադառնան պլատֆորմ և շարունակեն իրենց գործունեությունը. «Մի քանիսը լքել են, լավ կլիներ, եթե վերադառնային, երկրորդը՝ որ համակարգողը կարողանար իր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ ստացվի համագործակցությունը, և նաև հնարավորություն տրվի, որպեսզի մարդիկ կարողանան ներկայացնել իրենց առաջադեմ մտքերը և՛ ընտրությունների, և՛ կարծիքների ու հայտարարությունների ժամանակ:
Իր մոտ մի փոքր միապաղաղ ոճ կար, ինքն իր ուզած մարդկանց էր առաջ մղում, իսկ ովքեր ցանկանում էին թափանցիկություն կամ առողջ մտքեր էին արտահայտում՝ իր դուրը չէր գալիս. սահմանափակումներ կային:
Բորիսի քաղաքականությունը բերեց նրան, որ ավելի ինտելեկտուալ մասը պակասեց, չցանկացավ ավելի ակտիվորեն մասնակցել, մի մասն էլ հեռացան: Մարդիկ զգում էին ճնշումները և նախընտրում էին չգալ, չարտահայտվել:
Ես կուզեի, որ ապագա համակարգողը հենց դրա վրա ուշադրություն դարձներ, որպեսզի պլատֆորմը լինի ճկուն, ազատ, անկաշկանդ, իսկ գեղեցիկ տեսակետները միշտ առաջ մղվեն:
Հնարավոր է՝ Բորիսի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ իր աշխատանքը հաջող չի եղել, կամ իրեն հասկացրել են, ասենք՝ Եվրամիությունը. ես չեմ բացառում նաև այդ փաստը»:
Նրա խոսքերով՝ պլատֆորմում ժամանակ առ ժամանակ եղել են դժգոհություններ, առողջ մտածելակերպ ունեցող մարդիկ դուրս են եկել, շատերը քննարկման չեն եկել, և այդ բոլորը ազդել է պլատֆորմի որակի վրա․«Որպես քաղաքացիական հասարակության պլատֆորմ՝ պետք է հավասարակշռություն մտցներ մեր երկրի ներսում, մեր ղեկավարության հետ կապված հարցերում և օգներ ԵՄ-ի հետ կապված գործընթացներում որոշակի արդյունավետ ուղիներ գտնել: Հիմա այդ բոլորը տեղի չունցավ, իսկ մենք պետք է ոչ միայն Բորիսի՝ որպես համակարգողի դերը գնահատենք, այլ նաև իր պատճառով պլատֆորմի ներսում առաջացած տրամադրությունները: Նա խնդիրներ առաջացրեց պլատֆորմի ներսում, վերջին ամիսներին խոչընդոտող կեցվածք ընդունեց, ինչն էլ, կարծում եմ, էականորեն ազդեց պլատֆորմի որակի վրա. այն չկարողացավ լինել այնպիսին, ինչպիսին պետք է լիներ»:









































