Սիրիայում 2011թ. մարտից շարունակվող ռազմական հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 125 հազարը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքների հարցերով բրիտանական դիտորդական կենտրոնի հրապարակած տվյալները:
Անկախ մոնիթորինգային խումբը, որը հակամարտության մասին տվյալներ է հավաքում ակտիվիստների միջոցով, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով կրկնապատկել ջանքերը Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար: Կենտրոնի տվյալներով՝ պատերազմում զոհված երեխաների թիվը գերազանցել է 6.5 հազարը:
Բաշար Ալ-Ասադի կառավարության դեմ պայքարող ապստամբների շրջանում զոհերի թիվը գերազանցում է 27 հազարը, որոնցից 6000-ը արտասահմանցիներ են կամ անձինք, որոնց քաղաքացիությունը պարզված չէ:
Փաստաթղթերով հաստատվել է սիրիական բանակի 50 հազար 430 զինվորի մահը, սակայն այդ թիվն, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է՝ կարծում է կենտրոնի տնօրեն Ռամի Աբդելռահմանը:









































