Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ի մեծ հանրահավաքում հայտարարել է, որ համաժողովրդական շարժումը հաղթել է, և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հորդորել է չմտնել կառավարական շենքեր: Շարժումը, ինչպես հայտնի է, նոր թափ ստացավ այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մտադիր չեն ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկած իշխանության փոխանցման օրակարգը:
Ըստ էության, դրանից հետո արձագանքելով Նիկոլի կոչին՝ շարժումը վերսկսեց անհնազանդության ակցիաները նոր թափով և պարտադրեց ընդունել օրակարգը, ինչը տեսանելի էր անզեն աչքով, և այլևս մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պարզ էր, որ շարժումը հաղթել էր, և եթե ոչ ամբողջապես, ապա առնվազն շարժումն է Հայաստանում ավելի իշխանություն, քան պետական կառավարման համակարգը: Մյուս կողմից, հանդես գալով արդեն հաղթողի դիրքերից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 26-ին շարունակում են անհնազանդության ակցիաները նոր թափով, ճանապարհների փակում, կամուրջների արգելափակում և այլն:
Մի խոսքով այն, ինչ արդեն գրեթե երկու շաբաթ կատարվում է Հայաստանում, և ինչի արդյունքն է շարժման հաղթանակը: Այդ հաղթանակը դե յուրե արձանագրելուն մնացել է 3-4 օր, որպեսզի խորհրդարանում քվեարկվի նոր վարչապետի թեկնածությունը: Ապրիլի 25-ի մի շարք իրողություններ ցույց տվեցին, որ այստեղ արդեն ուղղակի խելագարություն կլինի, եթե ՀՀԿ-ն չընդունի իրականությունը և չճանաչի իր՝ այսպես ասած, պարտությունը քաղաքացիների հետ պայքարում:
Այսպիսով, Նիկոլը դե ֆակտո այլևս իշխանություն է, ինչի մասին հայտարարում է, իսկ դե յուրե իշխանություն լինելուն մնացել է մի քանի օր: Այստեղ հետաքրքիր է, քանի որ, ըստ էության, ստացվում է, որ անհնազանդության ակցիաներ իրականացնում է այլևս իշխանությունը, եթե հռչակվում է շարժման հաղթանակը, և եթե դե ֆակտո ակնհայտ է, որ իրադրությունը թելադրում է արդեն շարժումը: Եվ ուրեմն՝ ստացվում է, որ հաղթած շարժումը, դե ֆակտո իշխանությունն է արդեն փակում ճանապարհները, կամուրջները, կաթվածահար անում ենթակառուցվածքների աշխատանքը, մարդկանց տեղաշարժը և այլն: Սա արդեն մի փոքր տարօրինակ է և առնվազն հակասական:
Մի կողմից այստեղ հասկանալի է, որ դե յուրե ամրագրված չլինելու պարագայում Փաշինյանը չի ցանկանում ՀՀԿ-ին կամ իշխանությանը թողնել ռևանշի, այսպես ասած, ամենափոքր հնարավորություն անգամ, դրա ամենափոքր ռիսկն անգամ, մինչև վարչապետի ընտրություն և դե յուրե հաղթանակ: Մյուս կողմից՝ եթե հայտարարվում է դրության տեր լինելու մասին, արդյո՞ք դա չպետք է ենթադրի արդեն մարտավարություն, որը համարժեք կլինի հաղթողի դիրքերին և որոշակիորեն կտարբերվի հաղթանակ բերող մարտավարությունը հաղթանակ պահող մարտավարությունից:
Իսկ խնդիրն այն է, որ խոսքը մի ամբողջ պետության հասարակական կյանքի մասին է, այն կաթվածահար անելու մասին ամենատարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչև սովորական կենցաղ: Երբ խոսքը հաղթանակ բերելու մասին էր, ապա այդ ամենից էական անհարմարություն զգացող քաղաքացիները, անգամ չմասնակցելով շարժմանը, այդուհանդերձ համարում էին, որ դիմանալով, համբերելով, ինչ-որ տեղ անհարմարություն կրելով էլ իրենք են իրենց նպաստը բերում ժողովրդական հաղթանակին: Բայց, երբ այդ հաղթանակը կա, իսկ մարտավարությունը չի փոխվում, անհարմարություն զգացող քաղաքացիները՝ ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող, արդեն կարող են կաթվածահար ենթակառուցվածքների առկայությանը նայել այլ հայացքով, ընդ որում՝ նույն ժողովրդական հաղթանակի համար ոչ այնքան նպաստավոր: Իսկ դա, իհարկե, կասկածի տակ չի դնի հաղթանակը այս պահին և վարչապետի քվեարկությունը, բայց կարող է արդեն կասկածի տակ դնել հաղթանակը հետագայում՝ արդեն արտահերթ ընտրությանը: Իսկ դա արդեն խնդիր է, որովհետև աենակարևորն այն է, որ Հայաստանում ժողովրդական, քաղաքացիական հաղթանակը ամրագրվի ընտրական մեխանիզմով՝ դրանով իսկ ինստիտուցիոնալացվելով:
Խնդիրը էական է մեկ այլ կողմից՝ գործիքակազմի, ճկունության, մեթոդների բազմազանության: Հատկապես, որ գործ ունենք մի ուժի հետ, որը հավակնում է ստանձնել պետական կառավարման ղեկը և առաջանում են հարցեր, թե որքանով է փորձառությունը, պատասխանատվությունը, մտածողության ճկունությունը ունակ ապահովել պետության կառավարման կայունություն և զարգացում, անցնցում, սահուն անցում, նաև քաղաքական ընդդիմախոսների հետ հարաբերության հանդարտ մշակույթ և այլն: Այս տեսանկյունից, հաղթանակած շարժումն ու այն գլխավորող ուժերը արդեն իսկ խոշորացույցի տակ են, ըստ այդմ՝ նրանք արդեն իսկ իրենց պետք է պահեն թերևս իշխանության պես, համարժեք պատասխանատվությամբ հանրային կյանքի ամբողջական սպեկտրի բնականոն հունն ապահովելու տեսանկյունից:
Վերջին հաշվով, Հայաստանն իսկապես ծանր վիճակում է, ռեսուրսները իսկապես հույժ կարևոր են, և հանրային կյանքի բնականոն կենսագործունեությունը, ըստ էության, այլևս ծառայում է համաժողովրդական հաղթանակած շարժմանը: Հաղթանակած շարժումը այլևս օր ու ժամ առաջ պետք է տեղափոխել, այսպես ասած, խանգարելու ռեժիմից ստեղծելու ռեժիմ: Դա նոր փուլն է արդեն հաղթողի ծանր ու բարդ պատասխանատվությամբ:
Լուսանկարը՝ Photolure-ի










































