Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականն այսօր հանդիպեց ԱՄՆ-ի ընտրանու հետ:
Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Իրենց պարտիաները ոչ-ոքի արդյունքով ավարտեցին Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսեսյանը: Առաջինը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց Ալեքսանդր Օնիշչուկի, իսկ երկրորդը սևերով` Գատա Կամսկու հետ:
Խաղաղ ելք ունեցավ նաև Գաբրիել Սարգսյանի ու հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանի պարտիան:
Այսպիսով, մեր հավաքականը հաղթանակ տոնեց 2.5-1.5 հաշվով ու այժմ իր ակտիվում ունի 5 միավոր:






































