Որոշ տեղեկություններով` իշխանությունները պատրաստվում են հերթական տարածքային զիջումների գնալ ռուսական կողմին, որը վերջին շրջանում ցանկություն է հայտնել ուժեղացնել 102-րդ ռազմաբազան և այն համալրել 3000 նոր զինծառայողներով:
Ըստ գյումրեցիների` ռուսական կողմին է տրամադրվելու մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը, որը ցարի ժամանակ եղել է առևտրային ուսումնարան, իսկ ներկայումս, վերանորոգումից հետո այդտեղ պետք է լիներ Գյումրու տեխնոպարկը, ինչի մասին վերջին շրջանում այդքան խոսվեց: Բացի դա, ըստ տեղեկությունների, ռուսական կողմին կտրամադրվի նաև հիվանդանոցի նախկին մասնաշենքը, որը ներկայումս լքված շինություն է: Գյումրու ավագանին այս շինության հետ կապված վերջերս դիմել էր Պետգույքի կառավարման վարչություն, այն Երկրագիտական թանգարանին հատկացնելու համար, սակայն վարչության պետ Արման Սահակյանից պատասխան էր ստացվել, որ կառավարությունը ուրիշ առաջարկություններ ևս ստացել է շինության հետ կապված և հիմա ուսումնասիրում է այդ առաջարկները:
Նշենք, որ կառավարությունն արդեն հավանություն է տվել «Էրեբունի» օդանավակայանի տարածքը ռուսական 102-րդ ռազմաբազային տրամադրելու առաջարկությանը:
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս շինությունները ռուսական կողմին տրամադրելու հետ կապված դեռևս կոնկրետ խոսակցություններ չի լսել, սակայն, եթե այդպես էլ լինի, զարմանալի չէ իր համար. «Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է»:
Ինչպես հայտնի է, Գյումրին մեծ ոգևորությամբ է սպասում Պուտինի առաջիկա այցին: Ներկայումս ակտիվ շինարարական և ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում: Բարսեղյանից հետաքրքրվեցինք` արդյոք նորոգման աշխատանքները քաղաքի բյուջեի հաշվի՞ն են կատարվում. «Ոչ, որքան գիտեմ բյուջեի միջոցներով չեն: Համենայնդեպս, ավագանու հաստատմամբ որևէ հատկացում չի եղել»,- ասաց Բարսեղյանը:
Վերջինից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես են պատրաստվում դիմավորել Պուտինին, հնարավո՞ր է Երևանի օրինակով ինչ-որ ակցիաներ կազմակերպեն: Բարսեղյանի խոսքով, սակայն, առայժմ որևէ ակցիայի կազմակերպման մասին Գյումրիում խոսք չկա: «Բայց այստեղ խնդիրն ավելի բարդ է: Պետության, իշխանության զիջման խնդիր կա: Արդեն սեպտեմբերի 3-ից հայտնի դարձավ, որ անմեղսունակության հասած իշխանությունը պատրաստ է ամեն անհեթեթության: Հիմա ռիսկեր կան, որ Պուտինը կգա, ինչ-որ ավելի բարդ թղթեր կստորագրեն, գուցե գաղտնի թղթեր էլ ստորագրեն: Ես վտանգի աճի մտավախություն ունեմ: Պուտինը պատահական այստեղ-այնտեղ չի այցելում: Հաստատ մի բան կա»,- նկատեց Լևոն Բարսեղյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































