Մոլդովան և ԵՄ-ը կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այս մասին ITAR-TASS-ին հաղորդել է Մոլդովայի կառավարության մամլո ծառայության ղեկավար Լիլիանա Վիցուն:
«Գագաթնաժողովին հանրապետության պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Յուրի Լյանկեն: Պատվիրակության կազմում են արտգործնախարար Նատալյա Գերմանը, փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Վալերի Լազերը, ՆԳՆ և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- ասել է նա:
Լիտվայի մայրաքաղաքում Մոլդովայի պատվիրակությունը նախատեսում է նաև նախաստորագրել ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն իր հերթին հայտարարել է, որ իր երկրի կառավարության կարծիքով՝ Ուկրաինայի հետ ստեղծված անորոշ իրավիճակը չի խանգարում Բրյուսելի և Քիշնևի հարաբերություններին:
«Մենք արել ենք մեր ընտրությունը, և այն անփոփոխ է. դա եվրոպական ինտեգրման մոդելն է՝ որպես զարգացման առաջնային մոդել: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ին ասոցացումը չի հակասում ԱՊՀ-ի հետ հարաբերություններին, որոնք կշարունակենք զարգացնել կառուցողական կերպով»,- ասել է վարչապետը:







































