Ռուսաստանը տնտեսական մեծ հարված է հասցրել Մոլդովային՝ արգելելով մոլդովական գինու և այլ ապրանքների ներմուծումը՝ հաղորդում է The Economist-ը:
Պաշտոնական պատճառը, ըստ որի՝ Ռուսաստանն արգելել է մոլդովական գինու ներմուծումը, արտադրանքում պարունակվող պլաստիկ հետքերն են: Սակայն Մոլդովայի գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ Ռուսաստանը նույն տարրերի պարունակությունը թույլ է տալիս սեփական ջրամատակարարման մեջ:
Առաջին էմբարգոյից հետո մոլդովացի գինեգործները նոր շուկաներ են գտել, և երկրորդ արգելքի ժամանակ արտահանման միայն 29%-ն է ուղարկվել Ռուսաստան: Սակայն արգելքը զգալիորեն ազդել է եվրոպական ամենաաղքատ երկրի տնտեսության վրա:
Պարբերականը նշում է, որ արգելքի պատճառները, որոնք հիմնված են առողջությանը վնասելու փաստարկների վրա, ըստ էության, կեղծ են. ավելի նշանակալից գործոն է Քիշնևի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու մտադրությունը:
Պարբերականի փոխանցմամբ՝ գինու ներմուծման արգելքի նպատակն է Մոլդովային ստիպել հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից: Ձեռքերը ոլորելու նման մարտավարությունը քաղաքական ճնշման փորձված ձև է Ռուսաստանում: Որպես օրինակ պարբերականը բերում է վրացական գինու, լիտվական կաթնամթերքի, ուկրաինական կոնֆետների ներմուծման արգելքը Ռուսաստան:







































