Մասնագետները պնդում են ազգային ավիափոխադրողի գոյության անհրաժեշտությունը, սակայն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ դա անհրաժեշտ և պարտադիր պայման է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դա պարզապես կարծիքէ:
«Ես չեմ կարծում՝ տնտեսությունը կարող է այդպես լինել, որ, ենթադրենք, ավիափոխադրողը հայ է, դա արդեն ազգային արժեք է, բայց կարծիք է, կարելի է քննարկել: Դա մտահոգություններից է գալիս՝ ընդհանուր առմամբ: Վերջին հաշվով, դա մրցույթներով, տարբեր սցենարներով է որոշվում»,- ասաց նա՝ հավելելով՝ եթե կլինի հայ, ավելի լավ, դա ողջունելի է, բայց ինքնաթիռ նստելիս ոչ մեկը չի մտածում՝ ավիափոխադրող ընկերության ղեկավարը հա՞յ է, թե՞օտարերկրացի:
Սահակյանը հետաքրքրվեց՝ «եթե անունը դրինք ազգային, և հայն էլ եղավ հիմնական տերը, մենք էդ օտար՝ ֆրանսիական, անգլիական ինքնաթիռներից չե՞նք օգտվելու»: Նա նկատեց, որ դա ազգային հոգեբանության հետևանք է. կարելի է նաև մտածել այդ ուղղությամբ, բայց ցույց տալ, որ դա լուրջ գործոն է, չի կարելի: Իհարկե, Սահակյանը կողմ է, որ հայ լինի ղեկավարը: Նա նշեց, որ իրենք այն ժամանակ էլ էին խոսում այդ մասին: «Էռնեկյանը հայ չէ՞ր. երբ կառավարման էինք տալիս, տարբեր տեղերից հարվածներ էինք ստանում: Հայ էր Էռնեկյանը, հիմա այդ մասին լրիվ մոռացել են, բաշխիչ ցանցերի համար չէին վիճու՞մ. կառավարումը տվել են մյուսներին, ասում են՝ ինչի՞ համար, հաղթող լինի, որովհետև դա ազգային արժեքէ: Էլի պայքարեցինք, էլի ընդդիմություն, էլի բավական խոսակցություններ և այլն, և այլն, բայց կառավարումը երբ տվեցինք, մի տարի հետո տեսանք՝ էներգիայի խնդիրները, համենայն դեպս, Հայաստանում բավարար ձևով լուծված են՝ այնքան, որ, մարդիկ արդեն մոռացելեն: Չորս ժամ երբ լույսերն անջատվեցին, մեծ պամֆլետներ սկսեցին գրել՝ բա ով պիտի փոխհատուցի և այլն, ևայլն»,- ասաց նա:
Սահակյանի համոզմամբ՝ նույնն էր նաև Կոնյակի գործարանի դեպքում, ասում էին՝ ազգային արժեք է, սակայն այսօր մեր բյուջեին ամենակարևոր եկամուտ բերողները ֆրանսիացիներն են, բայց ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ հիմա մենք կոնյակ խմելիս մտածու՞մ ենք, թե ինչու է այն ֆրանսիացիներինը: «Իհարկե, ամեն ինչի ազգայինն ինձ համար ընդունելի է, բայց ֆիտիշացնել դա, չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց նա:









































