Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի մոտ լիահույս են, որ գործարանը ի վերջո կվերագործարկվի։ Այդ համոզմանը եկել են հատկապես Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո, երբ նա խոսել է երկրում արդյունաբերությունը զարգացնելուց։ «Արդեն չորրորդ տարին է, որ մենք կանգնում ենք, էլի կկանգնենք, բայց էդ գործարանը կաշխատի։ Միայն պետք է, որ վերևից հրաման լինի, ներդրողներ գան ու գործարանը վերագործարկեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիներից մեկը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը երբեք էլ Նաիրիտին դեմ չի խոսել, դրա համար էլ հավատացած են, որ վերագործարկում կլինի։
Նախկին աշխատակիցներին մեկն էլ ասաց, որ Նաիրիտ գործարանի վերագործարկման պահանջով բողոքի ակցիաները համակարգող խումբը երկու նամակ է ուղարկել կառավարություն և Սերժ Սարգսյանին՝ պահանջով հրապարակել մեկ տարի առաջ հայտարարված մրցույթի արդյունքները, ինչպես նաև դադարեցնել գործարանի գույքի աճուրդը։ Համակարգող խումբը պահանջել է նաև անկախ աուդիտ իրականացնել, որպեսզի հասկանան, ի վերջո, հնարավո՞ր է գործարանը վերագործարկել, թե ոչ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































