2017 թվականին, 2016 թվականի 2404 տրամադրված շինարարության թույլտվությունների դիմաց, մարզերում և Երևան քաղաքում տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավելի։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը։
«Չնայած նշված դրական դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես կանխատեսելիության տեսանկյունից»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման միասնական նորմատիվային մոտեցումներ, այդ թվում՝ անդրադառնալով տևողության և պահանջվող փաստաթղթերի հարցերին։ Միաժամանակ, վարչապետն ասաց, որ Քաղաքաշինության պետական կոմիտեում պետք է նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման և խնդիրներին արագ արձագանքման մեխանիզմ։
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց ապահովել ըստ հաստատված ժամանակացույցի, համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների կատարումը։ «Պետք է համապատասխան գործընթացում ցուցաբերել մասնագիտական օժանդակություն և սահմանել հսկողություն՝ քաղաքաշինական նորմատիվների պահպանման ուղղությամբ։ Իրականացված աշխատանքների մասին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը։







































