Ես ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը և նրանց «ճանապարհային քարտեզը»: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը։
«Ոգևորված եմ շատ, հետևում եմ իրենց երթերին և իրենց հետ եմ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մինչև այժմ չի հաջողվել «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանուն Հայաստան պետության» ճակատի միավորումը, Մուրադյանն արձագանքեց. «Ավելի քան համոզված եմ, որ այդ կոնսենսուսը, ի վերջո, լինելու: Ավելին ասեմ, կարծում եմ՝ արդեն այդ կոնսենսուսը կա, որովհետև բազմիցս և վերջին անգամ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Հանուն Հայաստան» պետության» ճակատը նույնպես դեմ է բռնությանը և զենքով գործողություններին, ինչը ենթադրաբար խանգարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կոնսենսուսի գալու ճանապարհին: Ուղղակի համոզված եմ, որ մենք որևէ խանգարող հանգամանք չենք ունենալու միասին Ազատության հրապարակում հանուն նույն նպատակի պայքարելու համար»:
Նա հույս հայտնեց, որ մինչև ընդհանուր հանրահավաքը այլ ուժեր ևս կմիանան իրենց:
Սուսաննա Մուրադյանը ողջունեց նաև Զարուհի Փոստանջյանի առաջարկը, որ պետք է ապակենտրոնացնել պայքարը, մտնել մարզեր. «Ողջունելի է, որքան շատ լինեն բևեռները, այնքան ավելի հզոր կլինի շարժումը»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































