ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը իսրայելական «Տասը» հեռուստաալիքի հետ հարցարզրույցում հրապարակայնորեն խոստովանել է, որ 1996-ին փորձել է Շիմոն Պերեսին օգնել հաղթել ընտրություններում, երբ վերջինը պայքարում էր Բենիամին Նեթանյահուի դեմ։

Քլինթոնի խոսքով՝ ինքն աջակցել է Պերեսին, քանի որ նրան համարում էր խաղաղության գործընթացի շարժիչ ուժ, որը սկսել է Իցհակ Ռաբինը։ Քլինթոնը փորձել է դա անել «ոչ ակնհայտորեն»։
Սակայն Քլինթոնը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է փորձել ազդել Ւսրայելում ընտրությունների ընթացքի վրա։

Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերին Բիլ Քլինթոնն Իսրայել է մեկնել՝ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Այդ ժամանակ Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարտին Ինդիկն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ 1996-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ վարչակազմը Պերեսին օգնություն է ցուցաբերել։










































