Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել համառուսաստանյան «Բյուրեղապակյա աստղիկներ 2013″ փառատոն-մրցույթը, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել են նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների երեխաները։ Ավանդույթի վերածվող «Բյուրեղապակյա աստղիկներ» ամենամյա փառատոնը նպատակ ունի բացահայտել հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին։ Սա թվով 4-րդ միջոցառումն է, որին մասնակցել են Հայաստանի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների երեխաները, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանի դուստրը՝ Լուիզա Բաղդասարյանը, ԴԱՀԿ ծառայության ֆինանսական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Նարինե Մարգարյանի դուստրը՝ Ռաֆայելա Հակոբյանը։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անունից միջոցառմանը շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
«Չորս տարի անընդմեջ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների երեխաների մասնակցությունը «Բյուրեղապակյա աստղիկներ 2013» փառատոնին ցույց է տալիս, որ մենք բեղուն ու արդյունավետ համագործակցություն ունենք ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլև մեր երեխաների դաստիարակության հարցում: Նման միջոցառումները, միանշանակ, նպաստում են Հայաստանի ու Ռուսաստանի համանուն ծառայությունների համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը և երկու բարեկամ ժողովուրդների մշակույթի մերձեցմանը”,- ուղերձում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը՝ մաղթելով միջոցառման երիտասարդ մասնակիցներին խաղաղ երկինք, բազում ժպիտներ և հաջողություններ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների երեխաները հանդես են եկել «Երկու ընկերուհի» պարային կատարումով, որի համար ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից արժանացել են պատվոգրերի։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը «Բյուրեղապակյա աստղիկներ 2013»-ին մասնակցած երեխաներին այսօր հուշանվերներ է հանձնել:









































