ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարած նախարարությունը, փաստորեն, խտրական մոտեցում է ցուցաբերում հայրենի գործարարների բարեգործական հիմնադրամների հանդեպ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «ֆեյսբուքյան» իր էջում հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքսանյան» հիմնադրամին` 100 ուսանողի աջակցելու համար, մինչդեռ, ինչպես հայտնի է` բուհերի ռեկտորները մերժել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի առաջարկած օգնությունը, նախարարն էլ հայտարարել է, թե ԲՀԿ-ն իրենց չի դիմել: «Ուզում եմ հատուկ շեշտել, որ նախարարությանը նման դիմում-առաջարկ չի եղել»,- «Առավոտ» օրաթերթին ասել էր Աշոտյանը:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակել է իրենց դիմումները նախարարությանը, որից հետո ԿԳՆ կայքէջում տեղադրվեցին դրանց պատասխանները, որոնցով ԿԳՆ-ն համաձայնություն է հայտնում համագործակցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից պաշտոնական առաջարկի դեպքում: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պնդում է, որ նախարարության գրավոր պատասխանը միայն երեկ է ստացել, երբ արդեն իրենց նախատեսած միջոցառումն ավարտված է եղել: Խոսքը նոյեմբերի 17-ին` ուսանողության օրը, ԲՀԿ կազմակերպած միջոցառման մասին է, որի ժամանակ ուսանողներին բաժանվել են ԲՀԿ կրթաթոշակները:
«Մենք հոկտեմբերի 25-ին պաշտոնական գրությունով դիմել ենք ԿԳ նախարարին, որպեսզի նրա գործուն մասնակցությունը լինի և համապատասխան հանձնարարականը լինի, որ այդ քննարկումները կազմակերպվեն և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ներկայացնեն սոցիալապես անապահով կամ ուսման մեջ առաջադիմությամբ առանձնացող ուսանողների տվյալները, որ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից տրվեն անվանական կրթաթոշակներ: Մենք սկսեցինք ստանալ բուհերից մերժումների պատասխաններ: Հիմնական հիմնավորումը հետևյալն էր. քանի որ ԿԳ նախարարության կողմից համապատասխան ցուցում չկա: Եթե ԿԳՆ-ն ցուցում չտար, ոչ մի խնդրով կաշկանդված չեն եղել բուհերը նման գործընթաց կազմակերպելու համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով նաև անցած տարվա փորձը, մենք գրություն ԿԳՆ ուղարկել ենք, որը և հրապարակել ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էնֆիաջյանը:
Մեր հարցին, թե այդ դեպքում` ինչո՞ւ է ԿԳ նախարարն ասում, որ ԲՀԿ-ն չի դիմել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես պաշտոնական գրությունը հրապարակել եմ իմ «ֆեյսբուքյան» էջում, որ բոլորի համար տեսանելի լինի` դիմել ենք, թե չենք դիմել, և բոլորի համար թափանցիկ լինի: Երեկ տեղադրվել է գրություն իբրև պատասխան, բայց պատասխանը ես չէի ստացել մինչև այսօր, այսօր ստացել եմ պատասխանը, որը որ տարբերվում է այն թղթից, որը որ հրապարակվել է ԿԳՆ կայքէջում: Հաշվի առնելով այս բոլորը` ես հրապարակել եմ, որ հասարակությունը և ուսանողները հետևություններ անեն»:
Հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն կոնկրետ ի՞նչ է պատրաստվում անել այս կապակցությամբ, հնարավո՞ր է դիմի դատարան: «Մենք մեր շահերը կարողանում ենք պաշտպանել, մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք, և ի վերջո այս ծրագիրը միտում ուներ` բացահայտել լավագույն, բանիմաց և սոցիալապես անապահով ուսանողներին և նրանց խրախուսել անվանական կրթաթոշակներով, որը և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ամեն տարի տրամադրում է: Սա է ամբողջ խնդիրը և գործառույթների հետ կապված ողջ խեղաթյուրումը: Եկող տարիների համար մենք ևս դիմելու ենք բոլոր համապատասխան գերատեսչություններին: Կմասնակցեն` շատ լավ, չեն մասնակցի` մենք չմիջնորդավորված նույն գործընթացը կազմակերպելու ենք»,- ասաց Էնֆիաջյանը:
Մեր հարցին, թե իր կարծիքով, ԿԳՆ-ն է՞ր հրահանգել բուհերին մերժել ԲՀԿ-ին, ԲՀԿ-ական պատգամավորը նման պատասխան տվեց. «Ես կարծում եմ, այդ հարցը ավելի ճիշտ կլինի բուհի որոշ ռեկտորների տաք կամ նույն ԿԳՆ-ն պարզաբաներ, թե ինչու նման խնդիր առաջացավ, ինչո՞ւ են ծրագրից հետո պատասխան տալիս, ինչո՞ւ են գրությունները տարբերվում, ինչի՞ համար են ռեկտորները մերժում, սա սպասված միջոցառում չի՞ նրանց համար: Նրանց բուհում ուսանողների չկա՞ն, որ դրա կարիքն ունեն»:
Ակնհայտ է, որ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ու ԲՀԿ պատգամավորների հեռակա առճակատման արդյունքում տուժում են ուսանողները, որոնց համար այդ աջակցությունը էական խնդիր է լուծում:









































