Վաշինգտոնում մեկնարկել է գովազդային արշավ՝ ի պաշտպանություն Էդվարդ Սնոուդենի: Ինչպես հայտարարել է հասարակական իրավապաշտպան Partnership for Civil Justice Fund կազմակերպությունը, գովազդները տեղադրվելու են քաղաքային տրանսպորտում:
Քաղաքային ավտոբուսների վրա փակցված Սնոուդենի նկարները կուղեկցվեն գրություններով. «Մենք՝ ժողովուրդը, դեմ ենք լրտեսող պետությանը և ասում ենք՝ շնորհակալություն, Սնոուդեն»:
Հայտնելով ակցիայի մասին՝ տեղի մամուլը նշում է, որ նման գովազդով ավտոբուսները գիծ դուրս կգան արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Թե որքան գումար է արդեն հավաքվել՝ կազմակերպիչները չեն հաղորդում: Սակայն հայտնի է, որ միայն մեկ ավտոբուսի վրա գովազդի մեկամսյա տեղադրումը Վաշինգտոնում կարժենա 5 հազար դոլար:









































