«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
– Պարոն Բաղդասարյան, ե՞րբ եք դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Մինչ օրս որևէ արձագանք չի՞ եղել:
– Ես դիմել եմ ոստիկանապետին նոյեմբերի 11-ին՝ փոստով ուղարկել ենք դիմում, որով խնդրել ենք ոստիկանության քննիչ, Կոտայքի մարզի ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Հակոբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, քանի որ նա քրեական գործի քննության ժամանակ խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք տեսականորեն այդ գործը քննող քննիչը կարող էր խախտել:
– Փաստացի ոչ մի արձագա՞նք ոստիկանությունից:
– Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը news.am-ով մի միտք էր արտացոլում` փաստաբանը տվյալ գործում ոչ միշտ է փաստաբանական էթիկայի շրջանակում ներկայացնում պատճառաբանությունները: Դրա հիման վրա ես ուղարկել եմ նամակ, որտեղ գրել եմ, որ news.am-ում հայտնած փաստերը և դատարանում քննիչի բերած պատճառաբանությունները չեն համընկնում, մասնավորապես ինքը հայտնում է, որ փաստաբանը հրաժարվել է գալ հարցաքննությանը մասնակցել, մինչդեռ քննիչը ճիշտ հակառակն է պնդել դատարանում, որ փաստաբանն ասել է կգամ կմասնակցեմ քննչական գործողություններին, բայց մինչև այդ խաշ եմ ուտելու: Ինքն ասում է, որ փաստաբանը գնացել է խաշ ուտելու, բայց քննիչը պնդում է, որ ես խաշ ուտելու եմ եղել ոչ թե 10:00-ին, այլ մինչև այդ եմ խաշ ուտելու գնացել: Ես հակափաստարկ եմ ներկայացրել, որ նախ, եթե ժամը 10:00-ին պետք է լիներ հարցաքննությունը, ապա նախորդ օրը 17:00-ին ես գտնվել եմ քննչական բաժնում, ստացել եմ բազմաթիվ փաստաթղթեր, այդ դեպքում ինչո՞ւ ինձ չեն տվել ծանուցում: Երրորդ՝ ես ներկայացրել եմ, որ եթե ես պետք է ժամը տասին լինեի իր մոտ, ինչի եմ իրեն ներկայացնում՝ ինչ ճաշատեսակ եմ մինչև այդ ուտելու: Չորրորդ՝ ես տասից արդեն զրուցել եմ լրագրողների հետ, գտնվել եմ աշխատասենյակում, հանդիպել բազմաթիվ լրագրողների հետ, բոլորն էլ կհաստատեն, որ ես խաշ ուտելուց չեմ եկել: Ես ներկայացրել եմ իրականությունը, որ ես նախորդ օրն ասել եմ՝ խնդրում եմ, ինձ տվեք ծանուցագիր, որ իմանամ ժամը քանիսին է լինելու, իրենք ասել են՝ պարզ չէ, ես էլ ասել եմ՝ եթե դուք վաղը գալու եք հարցաքննության, մի՞թե մինչև հիմա պարզ չէ: Ես կարող է վաղը գնում եմ տեղ, դիցուք` խաշ ուտելու և ինձ պետք է կոնկրետ ժամ ասել: Ե՛վ քննիչը, և՛ բաժնի պետը հասկացել են, որ ես խաշ ուտելը վերացական իմաստով եմ ասել: Հետո ես եմ զանգել քննիչին, հարցրել՝ ժամը քանիսին է լինելու, նա ասել է, մի քիչ հետո հայտնի կլինի: Երկրորդ անգամ զանգել եմ, ասել է՝ ժամը 12:00, բայց եկել է 10-ին, հայտնել է, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, դատարանի պահանջին՝ ապացույցներ տրամադրեն, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, քննիչը ասել է, որ նման ապացույցներ չունի, բայց որևէ պատասխան չեմ ստացել իմ դիմումների վերաբերյալ:
– Վարդան Պետրոսյանը հրաժարվում է Հայկ Հակոբյանի ղեկավարած քննչական խմբի գործողություններին մասնակցել:
– Այո, որովհետև քննիչն իրականությանը չհամապատասխանող տվյալներ է հրապարակում և մինչ օրս հնարավորություն չի տալիս ծանոթանալու որոշ փաստաթղթերի: Հույս ունենք, որ մյուս քննիչը կտա:
– Պարոն Բաղդասարյան, վթարի 3D մոդելավորված տարբերակն արդյո՞ք արդեն պատրաստ է: Երբ կտեսնենք այն:
– Առաջինը ձեզ եմ փոխանցում: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ մոդելավորել, մոդելավորման ժամանակ բախվել ենք նրան, որ չափսերը և դեպքի վայրի դրության արձանագրության մեջ նախանշված տվյալները, որոնք մենք վերցրել ենք որոշումից, չեն համընկնում բնական ճանապարհի հետ, այսինքն՝ մենք որոշ մոդելավորում ունենք, բայց ստույգ մոդելավորման համար մեզ պետք է ստույգ դեպքի վայրից արձանագրություն, որովհետև իր չափերը, որ արտացոլել է, չի համընկնում բնության հետ, ինչ-որ տվյալ քննիչը սխալ է գրել, թե որ տվյալն է սխալ չափել գրել, պետք է լինի դեպքի վայրի զննություն, որ ստույգ որոշենք: Այս պահին վթարը մոդելավորվել է, բայց չկա վերջնական արդյունքը, քանի որ չի համընկնում քննիչի գծագրի մեջ նշվածը: Ինչ-որ բան ինքը սխալ է գծել: Բացի այդ, մենք լուրջ կասկածներ ունենք, որ Վարդան Պետրոսյանի տրանսպորտային միջոցը այն վիճակում է ներկայացվել փորձագետներին, ինչպիսին եղել է դեպքից հետո:
– Վարդան Պետրոսյանինը անսա՞րք է եղել:
– Ոչ, պարզապես տրանսպորտային միջոցի հեռահար լույսերի հետ կապված լուրջ հարցեր ունենք, չենք հասկանում՝ ինչու է ուրիշ տեղից լամպը հանվել:
– Տարբեր կարծիքներ են հնչում, որ «Նիվան» սարքին չի եղել, հետ-հետ վարելիս է եղել: Արդյո՞ք այդպես է:
– Փորձագիտական եզրակացությունում այդ բոլոր հարցերի պատասխանը կա, ուղղակի այս պահին նպատակահարմար չէ հրապարակել, որովհետև մյուս կողմից էլ չենք ուզում վնաս պատճառել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին:
– Ձեր խոսքերից պարզ է դառնում, որ մեքենան շատ թերություններ ունի:
– Շամշյանի նկարներից ակնհայտ երևում է, որ «Նիվա» մակնիշի մեքենան կողային հայելիներ չի ունեցել: Բացի այդ, կա Տաթևիկի՝ տուժողներից մեկի ընկերուհու պարզաբանումները, թե ինչպես են իրենք ավտոմեքենայում նստած եղել, և դա համապատասխանում է դատաբժշկական փորձագիտական եզրակացությանը, որ Տաթևիկը նստած է եղել երկու նստարանների մեջտեղի մասում՝ մեջքով դեպի դիմապակին, որը կոպիտ խախտում է, և դա է պատճառը, որ Տաթևիկի մարմնական վնասվածքները հիմնականում դիմացից են: Ապակիները մինչ օրս դեպքի վայրում թափված են, և մինչև օրս թափված են «Նիվա» մակնիշի մեքենայի ապակիները, որոնք բավականին լուրջ մգեցված են, և կա մի փաստ, որ ավտոմեքենայի վրա կա գազի բալոն, որն էլ հանդիսացել է մահվան պատճառ: Մենք բոլոր հարցերով դիմել ենք, որ «Նիվայի» գործարանից ստանանք ստույգ պատասխան, որ տեսնենք տեխնիկական տեսակետից սարքի՞ն է եղել ավտոմեքենան, թե՞ ոչ: BMW-ի համար էլ ենք դիմել, քանի որ քննիչն, իմ կարծիքով, սխալ է արձանագրել, որ «Նիվա» մակնիշի մոտակա լույսերի տեսանելիությունը 75 մետր է, դա, ըստ մեր ունեցած տեղեկատվության, 45 մետր է, բայց դիմել ենք պաշտոնական պատասխան ստանալու համար: Բացի այդ, մենք ունենք իրավիճակ, որ սխալ է կազմակերպվել ճանապարհային երթևեկությունը, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում՝ դիմելու նախարարին այդ բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար:
– Շատերն ասում են, որ փաստաբանը սուբյեկտիվ է իր գնահատականներում:
– Փաստաբանը դեռևս որևէ բան չի ասել, փաստաբանը ասել է այն, ինչ առկա է քրեական գործում, ես երբևէ որևէ կարծիք չեմ հայտնել, փաստաբանը փաստերն է վկայակոչում, ավելին՝ մեր անձնական կարծիքը երբևէ չենք վկայակոչել:
– Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այս պահին ինչպե՞ս է:
– Հետազոտություններ է անցել: Մենք կարծում ենք՝ բուժում պետք է անցնի համապատասխան: Ցանկալի է, որ բուժումն անցնի ազատության պայմաններում, համապատասխան հիվանդանոցում: Հիմա, եթե բուժումը պետք է անցնի դատապարտյալների հիվանդանոցում, բնական է, որակն այն չի լինի, ինչ ազատության մեջ և համապատասխան հիվանդանոցում անցկացնելու դեպքում: Սրտի հետ կապված խնդիր է, և ցանկալի է, որ համապատասխան մասնագիտացված հաստատությունում բուժումն անցնի, ոչ թե դատապարտյալների: Բոլոր դեպքերում, այս պահին վիճակը դեռևս լավ չէ:









































