Նոյեմբերի սկզբին ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներն ու շրջանառվող լուսանկարները, որոնցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբ Պետրոսի հրապարակում պատարագից հետո գրկել ու համբուրել էր այլանդակված դեմքով տղամարդուն, ցնցել էին ողջ միջազգային հանրությանը:
Իտալական «Պանորամա» պարբերականը պարզել է նրա ինքնությունը: 15 տարի նեյրոֆիբրոմատոզով տառապող տղամարդը 53-ամյա Վինիչիո Ռիվան է՝ Իտալիայի Իզոլա քաղաքից:
Ռիվան լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր հիվանդությունը վարակիչ չէ: Նա նշել է, որ Պապն առանց վարանելու գրկել է իրեն ու համբուրել: «Դա տևել է ընդամենը մեկ րոպե, սակայն ինձ այն հավերժություն է թվացել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ իր քույրը՝ Մորենան, նույնպես տառապում է այդ հիվանդությամբ, սակայն ոչ այդ մասշտաբի:
Նա խոստովանել է, որ իր հիվանդությունը շրջապատում շատերի մոտ զզվանք է առաջացնում: Տղամարդը պատմել է ավտոբուսում տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ուղևորները բացականչել ու իրեն հեռանալու կոչեր են արել, իսկ վարորդը իրեն պաշտպանելու փորձ անգամ չի արել:







































