ԱՄՆ-ը Թուրքիայի տարածքում կթողնի երկու Patriot հրթիռային համալիրները ևս մեկ տարի՝ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով այդ երկրի հակաօդային պաշտպանության կառուցվածքի շրջանակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Ինչպես հստակեցրել է Պենտագոնի մամլո քարտուղար Կարլ Վուգը, Հեյգելը երկուշաբթի բանակցություններ է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Հենց թուրքական կողմն է պնդել հրթիռային համալիրների տեղակայումը պահպանել:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև սիրիական քիմիական զինանոցի ոչնչացման հնարավոր քայլերը՝ փոխանցում է RBK-ն:
Ավելի վաղ Անկարան դիմել էր ՆԱՏՕ-ի հրամանատարությանը՝ երկրում համալիրների տեղակայման ժամկետները ևս մեկ տարով երկարաձգելու խնդրանքով:
Թուրքիայում տեղակայված են 6 համալիրներ, որոնցից երկուսը տրամադրել է ԱՄՆ-ը, ևս երկուսը՝ Գերմանիան, մյուս երկուսը՝ Նիդերլանդները: Դրանք տեղակայված են Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ, Գազիանտեպ նահանգներում, ինչպես նաև Ադանա նահանգի «Ինջիրլիք» թուրք-ամերիկյան բազայում:







































