Մարտի 2-ը հավակնում է դառնալ Հայաստանի նորագույն պատմության հիշարժան տարեթվերից մեկը, քանի որ այսօր խորհրդարանում տեղի կունենա Հայաստանի չորորդ նախագահի ընտրությունը: Ինչպես արդեն հայտնի է թերևս բոլորին կամ գոնե հանրության ճնշող մեծամասնությանը, Հայաստանում այլևս չի լինելու նախագահի ուղիղ ընտրություն՝ հանրային քվեարկությամբ, և նախագահ ընտրելու է խորհրդարանը՝ 7 տարի ժամկետով, մեկ ժամկետի իրավունքով: Գոնե առայժմ, ըստ նոր Սահմանադրության, գործելու է այդ կարգը, որով Հայաստանը ընդհանրապես անցել է խորհրդարանական կառավարման մոդելի:
Խորհրդարանի իշխող մեծամասնությունը նախագահի թեկնածու է առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին: Ով է նա, ինչ ճանապարհ է անցել՝ բավականաչափ հայտնի է, իսկ ով չգիտեր նրա մասին՝ այս օրերին իմացավ բավականաչափ: Արմեն Սարգսյանը մարտի 1-ին խորհրդարանին ներկայացրեց Հայաստանի զարգացման իր տեսլականը, որը գրեթե անվիճելի տեսլական է՝ փոքր պետություն, որի զարգացման գրավականը համահայկական համաշխարհային ներուժի օգտագործումն է, ժողովրդավարական, բաց, քաղաքացիական մոդելի պայմաններում: Արմեն Սարգսյանը գործնականում չի բերել որևէ նոր գաղափար, որևէ նոր հայեցակարգ, մտածողության նոր ուղենիշ: Այն, ինչ նա դիտարկում է որպես զարգացման առաջնահերթություն, խոշոր հաշվով, Հայաստանում անցնող երեք տասնամյակում տարբեր փուլերով և ուժգնությամբ շրջանառված մտքեր են:
Խնդիրն այն չէ, որ դա արժեզրկում է Արմեն Սարգսյանի տեսլականը: Ամենևին, և նույնիսկ ողջունելի է, որ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուն հանդես է գալիս հենց այդ տեսլականով՝ անկախ այն հանգամանքից, որ նրա դե յուրե լիազորությունը այդ տեսլականն իրականություն դարձնելու համար անբավարար է: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ ամեն անգամ դնելով շրջանառության մեջ այդ լուսավոր գաղափարներն ու տեսլականները, բայց թողնելով դրանք հռետորաբանության մակարդակում՝ մենք իրականում ոչ թե նպաստում, այլ փակում ենք զարգացման ուղին, քանի որ արժեզրկում ենք դրանք, մսխում ենք դրանց հանդեպ, դրանց կենսունակության հանդեպ հանրության վստահության ռեսուրսը, ներուժը: Եվ դա առանց այդ էլ ապատիկ տրամադրվածության պայմաններում:
Ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանը ներկայումս կանգնում է Հայաստանի իրապես պատմական մի շրջափուլի առաջ, հատկանշական ճամփաբաժանում՝ նա կա՛մ կլինի այն գործիչը, որը թերևս առաջին անգամ էական ու սկզբունքային գործնական քայլեր կանի հնչեցվող տեսլականների առարկայացման գործընթաց սկսելու ուղղությամբ, այդպիսով հանրության մոտ առաջացնելով վստահություն և ներգրավելով այդ գործընթաց, կա՛մ կլինի հանրության մոտ անվստահությունն ու ապատիան խորացրած ճակատագրական ֆիգուր. որովհետև եթե այս գործիչը՝ իր գուցե վիճահարույց, վիճելի, ոչ միարժեք, բայց զգալիորեն դրական ընկալում ունեցող վարկով կամա, թե ակամա նպաստի ոչ թե գործնականացմանը, այլ հերթական անգամ իշխանության համար քողարկող նշանակությանը, ապա դա այլևս կարող է լինել Հայաստանում որևէ լուսավոր տեսլականի հանդեպ հանրային անտարբերության անշրջելիության կետը:
Սրան զուգահեռ՝ անկասկած է նաև, որ իշխանական լծակի առումով նա չունի այն պաշարը, որը թույլ կտա լուծել հիմնարար համակարգային հարցեր: Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանն, իհարկե, արել է հայտարարություններ, որոնք վկայում են՝ նա պատկերացնում է կարգավիճակը և ամենևին չի թաքցնում այն մեթոդաբանությունը, ինչով պատրաստվում է ունենալ իշխանություն: Դա խոսքն է, դրա հանդեպ հանրային վստահությունը, և այդ վստահությունն արդեն իշխանական ռեսուրսի վերածելու կարողությունը: Արմեն Սարգսյանը նախօրեին էլ ակնարկեց այդ մասին՝ հայտարարելով, որ քաղաքացիական ակտիվությունը չպետք է լինի միայն ընտրությունից ընտրություն, այլ պետք է լինի առօրյա երևույթ: Սարգսյանն, իհարկե, իրավացի է, սակայն հանրությանն արվող գործակցության, փոխօգնության այդ ակնարկ-առաջարկը պետք է դիտարկել մի խնդրի շրջանակում:
Սովորաբար Հայաստանի իշխանության մեջ այս կամ այն դրական կերպարով մուտք ունեցած գործիչները համանման առաջարկներ արել են հանրությանը, սակայն դե ֆակտո ռեժիմում նրանք ավելի շատ ակնկալել են հանրությունից, քան գնացել հավասարապես ընդառաջ: Այլ կերպ ասած՝ ակնկալվել է հանրության «ավանսով» աջակցություն, այսինքն՝ դուք աջակցեք, հետո մենք ըստ դրա կգործենք և կնպաստենք փոփոխություններին: Բայց այդ «ավանսով» աջակցության մոդելը կամ մեթոդաբանությունը սպառված է, հանրությունը թերևս պատրաստ է աջակցել, համենայնդեպս՝ հանրային թեկուզ փոքրաթիվ, բայց կենսունակ և մտածող շերտերը, ակայն աջակցել «կանխիկ», այսինքն՝ այդուհադերձ աջակցել քայլերին, առարկայական գործողություններին, որոնք կարող են լինել փոքր, սակայն համոզիչ, հստակ:
Արմեն Սարգսյանը պետք է նկատի առնի այդ հանգամանքը, որ պետք է սկսի, ըստ էության, մենակ, և եթե նա չէր պատկերացնում այդ մեկնարկային մենության հանգամանքը, ապա թույլ է տվել լուրջ սխալ՝ ընդունելով նախագահ լինելու առաջարկը: Մյուս կողմից՝ եթե նա չի մնում «մենության» մեջ, թեկուզ ժամանակավոր, ապա այստեղ էլ առաջանում է այլ խնդիր, որովհետև տարօրինակ է, եթե նոր որակի իրական պոտենցիալն ու դրա կրողը Հայաստանի իշխող համակարգում առժամանակ չմնան մենակ:










































