Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, ով հայտնի է իր պոռթկուն բնավորությամբ, կրկին չի կարողացել զսպել հույզերը և դրա համար վճարել է սեփական Up Late շոուի եթերների հետաձգմամբ: MSNBC հեռուստաալիքը դադարեցրել է դերասանի հաղորդման հեռարձակումը առնվազն 2 շաբաթով: Այս մասին գրում է TMZ կայքը:
Պատճառը հինգշաբթի օրը փողոցային լուսանկարչի հետ տեղի ունեցած տհաճ միջադեպն է: Երբ պապարացին փորձել է լուսանկարել Բոլդուինին, դերասանը վիրավորել է նրան՝ օգտագործելով հոմոֆոբ հայհոյանքներ:
Ավելի ուշ Բոլդուինն ինքը խոստովանել է, որ նրա բառերը «վիրավորական էին», և հայտարարություն է տարածել, որով ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար:
«Այն, ինչ ես ասել և արել եմ, իմ ընտանիքին պաշտպանելու նպատակով էր, սական դա վիրավորական բնույթ էր կրում և անընդունելի է: Բառերը կարևոր են: Ես դա հասկանում եմ և ապագայում շատ զգուշորեն կընտրեմ դրանք: Նման վարքը խաթարում է այդքան դժվարությամբ նվաճված իրավունքները, որոնց կողմնակիցն եմ ես ինքս»,- նշվել է նրա հայտարարության մեջ:










































