Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանը որպես նվեր ընդունել է The Beatles-ի լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնի նամակներն ու ստեղծագործությունների ձեռագիր բնօրինակները: Ձեռագրերը փոխանցվել են ծրագրի շրջանակում, որը թույլ է տալիս հարկատուներին պատմամշակութային արժեք ներկայացնող արվեստի նմուշներ նվիրաբերել հարկերի վճարման հաշվին: Այս մասին հայտնում է RBK-ն:
Համաձայն գրադարանի գեղարվեստական խորհրդի հայտարարության՝ հիմնադրամին փոխանցված իրերում կան նամակներ, որոնք հասցեագրված են Լենոնի ընկեր և գործընկեր Ստյուարտ Սաթքլիֆին: Վերջինս խումբը լքել է 1961 թվականին, իսկ դրանից մեկ տարի անց մահացել 21 տարեկանում՝ ուղեղում արյունահոսության պատճառով: Գրադարանը ստացել է երգերի, այդ թվում՝ In My Life և Strawberry Fields Forever ստեղծագործությունների բնօրինակները:
Լենոնի իրերը նվիրել է The Beatles-ի կենսագիր Հանթեր Դևիսը: Հարկային մարմիններն այն գնահատել են 190 հազար դոլար (120 հազար ֆունտ): Նրա խոսքով՝ ինքը հպարտ կլինի տեսնելու նմուշները Շեքսպիրի և Բեթհովենի ինքնագրերի կողքին: «Կարծում եմ՝ դրանց տեղը հենց այնտեղ է»,- ասել է գրողը:
Գեղարվեստական խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ ծրագրի գործունեության ընթացքում 2012-13 թթ. բրիտանական թանգարաններն ու պատկերասրահները նվեր են ստացել մոտ 50 մլն ֆունտ ստերլինգի արվեստի նմուշներ:










































