«Հյուսիսային հոսք-2» նախագիծը չի սպառնում Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Բեռլինը կողմ է հանդես գալիս դիվերսիֆիկացմանը, իսկ նախագիծը, որը Գերմանիայի իշխանությունները համարում են տնտեսական, սպառնալիք չի կրում շուկայի ընդլայնման համար։
«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը դեմ են հանդես գալիս մի շարք պետություններ, այդ թվում ԱՄՆ-ը, Լեհաստանը և Ուկրաինան։ Մասնավորապես, նրանք հաստատում են, որ նախագիծը սպառնում է Եվրոպայի անվտանգությանն ու կդառնա Ռուսաստանի քաղաքական ազդեցության հերթական գործիքը։
«Հյուսիսային հոսք-2»-ը նախատեսում է Բալթիկ ծովով Ռուսաստանի ափից մինչև Գերմանիա գազատարի երկու գծի շինարարություն՝ տարեկան ընդհանուր 55 մլրդ խորանարդ մետր գազի փոխադրման հզորությամբ։ Ներկա պահին շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 9.5 մլրդ եվրո։







































