Ուկրաինան կարծես թե սկսել է կամաց-կամաց թեքվել դեպի Ռուսաստան: Համենայնդեպս, այդ մասին են վկայում վերջին օրերին ստացվող տեղեկությունները, իսկ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունն էլ հրապարակել է Յանուկովիչի և գործարարների հանդիպման մասին տեղեկություններ, որտեղ ազդեցիկ գործարարները նրան խնդրել են հետաձգել Ասոցացման համաձայնագիրը՝ Ռուսաստանի շուկան չկորցնելու և բարդությունների առաջ չկանգնելու համար:
Յանուկովիչը դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու մասին, բայց Ուկրաինայի վարչապետ Ազարենկոն, օրինակ, հայտարարել է, որ ոչ ոք չի փոխհատուցի այն կորուստները, որ Ուկրաինան կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից, հետևաբար դա իրենց համար առաջնային կարևորության հարց է:
Մի քանի ամիս առաջ Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ Բրյուսելը չպետք է մենակ թողնի Ռուսաստանի ճնշման տակ հայտնված իր գործընկերներին և պետք է փոխհատուցի այն տնտեսական կորուստները, որ նրանք կարող են ունենալ Ռուսաստանի ճնշումներից:
Եթե Ուկրաինան սկսել է բեկումը դեպի Ռուսաստան, հարց է առաջանում՝ ի՞նչ եղան Ֆյուլեի խոստացած փոխհատուցումները: Մի՞թե Բրյուսելը չի պատրաստվում անել դա, թե՞ ուղղակի չկա վստահություն, որ անգամ այս դեպքում Ուկրաինան չի շրջվի դեպի Ռուսաստան, և, ըստ էության, չի ստացվի, որ Բրյուսելը ավելորդ միլիոններ է ծախսել և գցել ջուրը՝ առավել ևս Եվրոպայում առկա ճգնաժամի պայմաններում:
Եվրոպան, իհարկե, իր երաշխիքներն էր ուզում, և այդ երաշխիքը Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումն էր, որին էլ Կիևը չգնաց: Եվ քանի որ Կիևը չգնաց այդ քայլին, Եվրոպայի համար Յանուկովիչը մնաց անվստահելի, և Բրյուսելը երևի թե բոլորովին էլ պատահական չէ, որ հենց այդ հարցն էր դարձրել Կիևի հետ հարաբերությունների նախապայման:
Բանն այն է, որ միայն այդ հարցը կկապեր Յանուկովիչին Եվրամիության հետ այնպես, որ նա չէր համարձակվի հետագայում կոպիտ ձևով գցել Բրյուսելին, քանի որ այդ դեպքում Բրյուսելը անհապաղ խաղի մեջ կմտցներ Ուկրաինայի նախկին վարչապետին, որը այդ երկրում բավական լուրջ քաղաքական ռեսուրս և հասարակական կապիտալ ունեցող գործիչ է: Եվ քանի որ Յանուկովիչը որևէ կերպ չհամաձայնեց Տիմոշենկոյին ազատ արձակելու նախապայմաններին, Բրյուսելի համար, ըստ ամենայնի, աստիճանաբար պարզ դարձավ, որ Կիևում ընդամենը նախապատրաստվում են դեպի Ռուսաստան շրջադարձին և գուցե ընդամենը երկարաձգում են այն՝ ինչքան հնարավոր է թանկ գնով շրջվելու համար:
Եվ, ամենայն հավանականությամբ, այս գործընթացը մոտենում է ավարտին, և կասկածները, որ Ուկրաինան կհրաժարվի Ասոցացման համաձայնագրից, ավելի ու ավելի են խորանում:
Իսկ սա առանցքային խնդիր է ոչ միայն Ուկրաինայի մասով, այլև ընդհանրապես Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների: Սա նշանակում է այդ ամենի անխուսափելի ազդեցություն նաև կովկասյան տարածաշրջանի վրա, որտեղ Հայաստանն է:
Այս իմաստով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Հայաստանի համար ամենևին էլ զուտ ազարտային հետաքրքրության առարկա չպետք է լինի: Իհարկե, այնտեղ չեն էլ լուծվում ինչ-որ ճակատագրական խնդիրներ, բայց տեղի ունեցողը իսկապես առանցքային կարող է լինել մի քանի առումներով:
Իհարկե, մինչև նոյեմբերի 29-ը դեռ կա երկու շաբաթ, և չի բացառվում, որ վերջաբանի համար ինչ-որ նախապատրաստած անակնկալներ ունենա նաև Բրյուսելը: Բոլոր դեպքերում առնվազն տարօրինակ կլինի նման կերպով հանձնվելը կամ տանուլ տալը, եթե, իհարկե, այդ ամենի արդյունքը չլինի մեկ այլ հարցում՝ որևէ այլ նշանակության և կարևորության. Ուկրաինայի դիմաց Ռուսաստանից որևէ զիջում կորզելը: Բոլոր դեպքերում, մրցավարի սուլիչը դեռ չի հնչել, և պարզ չէ, թե մրցավարը քանի րոպե է ավելացրել խաղը: Բայց որ վերջին այդ րոպեները շատ ավելի են հետաքրքիր դառնում, քան ամբողջ խաղը, կասկածից վեր է:







































