Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսին հայտարարել է երկրի իշխանությունների դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:
Մուրսին պատրաստվում է բողոքել այն բանի համար, որ իրեն «առևանգել են» պաշտոնական տապալումից մեկ օր առաջ: Փաստաբան Մուհամմադ Դամաթին տեղի հեռուստատեսության եթերում ընթերցել է Մուրսիի կոչն ուղղված Եգիպտոսի ժողովրդին:
«Եգիպտոսի քաղաքացիները պետք է իմանան, որ ինձ առևանգել են դեռևս հուլիսի 2-ին: Մինչև հուլիսի 5-ը ես գտնվել եմ անազատության մեջ Հանրապետական գվարդիային պատկանող շենքերից մեկում»,- ասվում է ուղերձում:
Նախկին նախագահը ողջունել է այն եգիպտացիներին, որոնք չեն հաշտվել իշխանությունից իրեն հեռացնելու հետ և «շարունակել են ջիհադը հանուն սեփական իրավունքների և ազատությունների»:
Հիշեցնենք, որ Մուրսին այժմ գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին նախագահական նստավայրի մոտ ցուցարարների սպանության հրահրման մեջ:







































