«Ելք»-ը արտահերթ նիստի օրակարգով ԱԺ է մտցնելու Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Դեռևս նախորդ տարվա բյուջեի քննարկմանը, երբ մենք ասում էինք՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունը բերելու է թանկացումների, հետո խորհրդարանում ներկայացրեցինք փոփոխությունների նախագիծ, բայց մերժվեց, և հիմա հարցը հանեցինք խորհրդարանի պատերից դուրս՝ հասարակության դաշտ, փողոց, որպեսզի քաղաքացիները ցույց տան իրենց բողոքը, դժգոհությունը պահանջում է որևէ լուծում։ Հիմա ցույց տալով բողոքը, հասարակության ընդվզման պատրաստ լինելը, նորից փոփոխությունների նախագիծ ենք մտցնում ԱԺ։ Լիագումար նիստի առաջին օրը՝ երեքշաբթի, հավաքելու ենք բավարար թվով՝ 25 տոկոս՝ 27 ստորագարություն, որպեսզի կարողանանք գումարել արտահերթ նիստ»,- շեշտեց Գորգիսյանը։
Անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ այն տոտալ վերահսկողության մեթոդ է, հատկապես խնդրահարույց է համարում նախագծի դրույթներից մեկը, որտեղ նշված է, որ նախարարների հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն քաղաքականության հիմնական ուղղություններին, որդեգրած գծին, ինչը նշանակում է՝ նրանք կարող են, օրինակ, լրագրողների հետ չշփվել՝ հղում անելով օրենքին։
«Կառավարության վարած քաղաքականությունը որոշելու է վարչապետը, այսինքն՝ գնում ենք տոտալիտար վերահսկողության մոդելի, այլակարծության դեմ ուղղված քայլ է սա»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։







































