Այս տարի առևտրային բանկերի տրամադրած վարկերի կառուցվածքում ավելանում են ժամկետանց վարկերը: Այսպես, սեպտեմբերին առևտրային բանկերի վարկերի գերակշիռ մասը` 93.14 տոկոսը վարկային ներդրումներն են, 5.32 տոկոսը` բանկերի երկարաձգված վարկերը, իսկ մնացած 1.54 տոկոսն արդեն բանկերի ժամկետանց վարկերն են:
Վերջիններիս տեսակարար կշիռն անընդհատ ավելանում է տարեսկզբից: Եթե մարտ ամսին ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 0.8 տոկոս էր, ապա հունիսին այն հասել է 1.35 տոկոսի, օգոստոսին` 1.41 տոկոսի, իսկ արդեն սեպտեմբերին 1.54 տոկոս էր: Նույն ժամանակում նվազել է միայն վարկային ներդրումների տեսակարար կշիռը, իսկ երկարաձգված վարկերինը մարտ ամսվա 3.57 տոկոսից սեպտեմբերին, ինչպես արդեն տեսնում ենք, հասել է 5.32 տոկոսի:
Այս թվերը ավելի խոսուն են դրամային արտահայտությամբ: Եթե մարտ ամսին ժամկետանց էր համարվում 13 մլրդ 29 մլն դրամի վարկ, ապա սեպտեմբերին այդ թիվը կրկնապատկվել է, և ժամկետանց վարկերի ծավալը հասել է 26 մլրդ 79 մլն դրամի:









































