Եթե լիներ որևէ անձի հարմարեցնելու անհրաժեշտություն և խնդիր, ապա Սահմանադրությունը փոխելու կարիք չէր էլ լինի՝ այսօր հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով կառավարման նոր մոդելի պայմաններում կառավարության և վարչապետի գործունեությունը կարգավորող օրենքների նախագծերի մասին:
Այս հարցը հնչում է առավելապես Սերժ Սարգսյանի վարչապետության համատեքստում՝ համոզումով, որ փոփոխությունները՝ սկսած Սահմանադրությունից և կառավարման մոդելից, կատարվում են Սերժ Սարգսյանի համար, նրա վարչապետության համար: Այս պնդումները միարժեք հերքելու հիմքեր, իհարկե, չկան, սակայն մյուս կողմից՝ իսկապես կա հարցը, թե ինչո՞ւ էր Սարգսյանին պետք փոփոխություն անել վարչապետ մնալով, եթե հնարավոր էր նախկին մոդելի պարագայում մնալ նախագահ՝ ժամանակավորապես հեռանալով վարչապետի պաշտոնի, ինչպես Ռուսաստանում:
Իհարկե, այստեղ առկա է նախագահական ընտրությունների հարցը, որոնք իշխանության համար դառնում են խնդիր, սակայն եթե փորձենք ռացիոնալ դիտարկել իրավիճակը, ապա 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո կա՞ որևէ կասկած, որ դաշտը գործնականում մսխվեց դրանով վերջնականապես, իսկ 2015 թվականին ոչ իշխանական բևեռը, այսպես ասած, ցրելուց հետո դարձավ ակնառու, որ համակարգի համար այլևս չկա վերարտադրության որևէ սխեմայի գործարկման խոչընդոտ: Այդ դեպքում ինչու Սերժ Սարգսյանը չգնաց նախագահական մոդելի պարագայում գնալու և վերադառնալու տարբերակով, այլ ընտրեց վարչապետությունը, երբ դե ֆակտո ստացվում է, որ նա դե յուրե առաջնային մանդատի տերը չէ և ենթակա է խորհրդարանական մեծամասնությանը: Իսկ սա խնդիր է, որքան էլ թվա, թե ամեն ինչ լուծվում է հստակ հիերարխիայով և ենթակա է Սերժ Սարգսյանին:
Առնվազն դե յուրե Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնում մնալով, դառնում է առավել խոցելի: Իհարկե, միարժեքությունները բացառելի են թե՛ այս, թե՛ այն դեպքում, անշնորհակալ գործ է հասկանալ, թե ի վերջո՝ ինչ կար կամ կա Սերժ Սարգսյանի մտքում: Առավել ևս, որ գուցե ոչինչ էլ չկա, որովհետև մտքում որևէ բան ունենալու ռեսուրս չկա, և հարցերը շարունակում են լուծվել հընթացս, ըստ իրավիճակի թելադրանքի:
Սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ տեղի ունեցող մոդելային փոփոխությունը որքան էլ արվի մեկ մարդու համար, միևնույն է՝ երբ պետության առանցքային որոշում կայացնելու մանդատով օժտվում է նվազագույնը վեց տասնյակ մարդ, այստեղ արդեն գործի է դրվում մի մեխանիզմ, որը ժամանակի ընթացքում լիովին «քայքայում» է մինչ այդ եղած համակարգային դրվածքն ու հոգեբանությունը: Իսկ Սերժ Սարգսյանին պետք էր այն քայքայել, քանի որ առանց քայքայելու Սարգսյանն ի վիճակի չէր լինելու փոխել որևէ բան: Իսկ չփոխել չի կարող. նա տեսել է ապրիլյան պատերազմ և բոլորից լավ գիտի, որ դա նույնիսկ նվազագույնն էր, որ իբրև ռիսկ կարող է լինել ժամանակակից աշխարհում:
Ըստ այդմ, խնդիրը ոչ թե այն է, որ ի տարբերություն հանրային մեծամասնության համոզման՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ տարբերություն կա վտանգների գնահատման և դրանց վերաբերյալ հանրային պատկերացումների ու Սերժ Սարգսյանի պատկերացման միջև: Եվ այստեղ է, որ առկա է գլխավոր հարցը՝ իսկ գուցե Սերժ Սարգսյանի համար իշխանությունը դե յուրե չպահելը առավել անվտանգ է, քան հակառակը:
Համենայնդեպս, ակնհայտ է, որ Սարգսյանը ձեռնարկում է քայլեր, որոնք թույլ են տալիս նաև այդպիսի որոշում կամ լուծում: Դա չի բացառում հակառակը, քանի որ թելադրողը անկասկած լինելու է իշխանությունը, սակայն տվյալ պարագայում հարցն այն է, որ Սարգսյանի համար գուցե առավել ճկուն է պահել վերադարձի հնարավորությունը, քան ըստ էության փակել արժանապատիվ և, այսպես ասած, շահավետ հեռանալու ճանապարհը, քանի որ ապրիլը նրա համար այդ իմաստով գուցե բացառիկ հնարավորություն է:







































