«Կառավարության կողմից սուբսիդավորումը կարվի հարկատուների հաշվին, սուբսիդավորման արդյունքում հաջորդիվ լինելու է մեկ այլ հարկատեսակի բարձրացում»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե խորհրդարանական լսումները արդյունք տվել են, գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքի գնաճը մեղմելու համար կիրականացվի սուբսիդավորում։
«Շատ հաճախ սուբսիդավորումը առհասարակ ներկայացվում է որպես լավ, մեղմացուցիչ քայլ, բայց դա այդպես չի, դա ունի գին, դրա գինը նույն միջին խավի վրա ծառացած եկամտահարկի բարձրացումն է, որը հենց այսօր էլ տեղի է ունենում։ Ինչո՞ւ այդ խավի, որովհետև դա ամենաանպաշտպան խավն է՝ օլիգարխ չեն և կառավարության, իշխանության հետաքրքրության շրջանակներից դուրս են։ Այսօր ականատես ենք լինում, որ եկամտահարկը բարձրանում է և դա շարունակական բնույթ կարող է կրել։ Բոլորս գիտենք՝ ակցիզային հարկն է բարձրացել, և գնաճի նվազեցման լուծումը միայն հարկատեսակների նվազեցումն է։ Նման ձևով մանիպուլացնել, թե այ լուծում ենք տալիս խորհրդարանական լսումների արդյունքում, ծիծաղելի է»,- շեշտեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ լսումները արդեն իսկ ստացել են «չլսումներ» անունը։
Մանե Թանդիլյանը ընդգծեց, որ եթե իշխանությունը որոշակի լուծումների գնա, գնալու է բացառապես փողոցային այն պայքարի շնորհիվ, որը նախաձեռնել է «Ելք»-ը։ Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, ապա Մանե Թանդիլյանն ասաց, որ նախ պետք է դրանք տեսնել։
«Ես պնդում եմ, որ նմանատիպ փոփոխությունների, երբ որ իշխանությունները գնում են և նախաձեռնում են, դա կատարվում է բացառապես փողոցում կանգնած քաղաքացու շնորհիվ, որևէ մեկը չհամարձակվի, եթե այդ փոփոխությունները տեղի ունենան, իրեն վերագրի»։
Անդրադառնալով հարցին, որ «Ելք»-ի երթից հետո վերլուծաբանները ընդգծում էին, որ իրենք ընտրազանգվածին ճանաչելու խնդիր ունեն, քանի որ երթին մասնակցությունը ցույց տվեց, որ փողոց դուրս եկող ընտրազանգված չունեն, Մանե Թանդիլյանն ասաց․
«Շատ ուրախ եմ այդ տեսակետի համար, ասեմ՝ ինչու, այո, ես գտնում եմ, որ «Ելք»-ի ընտրողները հենց այն միջին խավն է և հատվածը, ովքեր որ շատ հաճախ չեն տեսնում պայքար փողացային եղանակով։ Այստեղ արձանագրում ենք մեկ այլ փաստ՝ ցույցին մասնակցել էր այն հատվածը, որը «Ելք»-ին չի ընտրել, այսինքն՝ «Ելք»-ը ձեռք է բերել նաև նոր ընտրազանգված»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։









































