ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է արտահայտվել զենք կրելու ԱՄՆ քաղաքացիների իրավունքին՝ հայտարարելով, որ դա բխում է անվտանգության շահերից։ Այս մասին նա ասել է բրիտանական ITV հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Այնքան շատ էին հարձակումները, երբ զենքը եղել է միայն վատ տղաների մոտ»,-ասել է նա հեռուստալրագրող Փիրս Մորգանին։
Որպես օրինակ նա բերել է Փարիզի ահաբեկչությունը, որի զոհն է դարձել 130 մարդ։ Թրամփի խոսքով՝ եթե ֆրանսիացիներն ունենային զենք կրելու իրավունք, զոհերի թիվը քիչ կլիներ։

Նա կարծում է, որ զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը չի փրկի իրավիճակը։ Խոսելով Լաս Վեգասի դեպքի մասին՝ նա ասել է, որ եթե հանցագործը զենք չունենար, փոխարենը ռումբեր կունենար։
Բացի այդ, Թրամփը հարցազրույցի ժամանակ կեղծիք է անվանել պնդումներն այն մասին, որ ինքն ատելություն է տածում մուսուլմանների հանդեպ։









































