ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստում որոշում է կայացվել ձևավորելու աշխատանքային խումբ, որը հայկական կողմից կգլխավորի Վլադիմիր Բադալյանը, ռուսական կողմից՝ Իգոր Չեռնիշենկոն: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ նպատակ կա այդ խմբում ներգրավել պատգամավորների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, բարձրացնել այն հարցերը, որոնց քննարկման անհրաժեշտությունը կա, առաջարկել լուծումներ:
«Մենք լուրջ հույսեր ենք կապում աշխատանքային խմբի հետ, այն նաև կարձագանքի նոր ինտեգրացիոն գործընթացների հետ կապված խնդիրներին»,- ասաց նա:
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ նիստը հետաքրքիր էր, կենդանի, կառուցողական և միաժամանակ բավական կոշտ: Շատ հարցեր կան, որոնց ուղղությամբ ևս նոր ձևավորված աշխատանքային խումբն աշխատանքներ կտանի:
«Շուրջ քսան տարի տեղի ունեցած շրջափակումը Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն է ունեցել: Վրաստանի միջոցով են փոխադրվում մեքենաները: Ես չէի ցանկանա Վրաստանի հասցեին վատ արտահայտվել, բայց նա հիմնավորապես ավելացնում է փոխադրման ծախսերը: Մենք այս տարիներին հանդիպել ենք տարին երկու անգամ, տարվա առաջին կեսին՝ ՌԴ-ում, երկրորդ կեսին՝ Հայաստանում: Ինքդ քեզ գովելն անհարմար է, սակայն երբ նայում ես՝ ինչպես են ուրիշներն աշխատում, տեսնում ես, որ մեր հանձնաժողովն ամենից աշխույժն է, դինամիկը»,- ասաց նա:
Ռիժկովը տեղեկացրեց, որ որոշում է ընդունվել հաջորդ նիստն անցկացնել 2014-ի հունիսի սկզբին: Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են ներդնել արտագնա նիստերի պրակտիկան, քանի որ փորձը ցույց է տալիս՝ այն առավել արդյունավետ է: Հանձնաժողովի հաջորդ նիստը կլինի Նիժնի Նովգորոդում: Պատվիրակությանն ընդունելու համաձայնությունը տրված է, կմասնակցեն ՌԴ-ում Հայաստանի և Հայաստանում՝ ՌԴ դեսպանները:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից հետո ստանձնելիք պարտավորություններին՝ Ռիժկովը համոզմունք հայտնեց, որ միությունը կօգնի Հայաստանին ոչ միայն տրանսպորտի խնդրում. ինչ-որ պարտավորություններ նա կվերցնի, ընդհանրապես՝ բոլոր երկրները կունենան պարտավորությունների իրենց բաժինը:
«Մենք զգում ենք՝ հանրապետության բնակչության մեծ մասը տրամադրված է, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, ինչը և ճիշտ է։ Հայաստանը չպետք է կորցնի իր ռազմավարական գործընկերոջը՝ ի դեմս Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանը չպետք է կորցնի Հայաստանին՝ որպես ռազմավարական գործընկերոջ»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցությանը՝ Ռիժկովը իր ուրախությունն արտահայտեց, որ Հայաստանն այդ ճանապարհից հետ կանգնեց։ Նա ասաց, որ զրուցել է մասնագետների հետ, ովքեր ասում են՝ Արևմուտք կարելի է գնալ, բայց խնդիրն այն է՝ ինչպես դուրս գալ այնտեղից, որովհետև դա շատ դժվար է։
Ռիժկովը համոզված է, որ Ուկրաինան չի հասկանում՝ ինչ է իրեն սպասվում, նա ձգտում է մի տեղ՝ անգամ չիմանալով, թե ուր է ձգտում:
Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսելիս՝ նա նշեց, որ դա կարևորագույն հարց է, ի վերջո՝ պետք է այս տրանսպորտային շրջափակման կծիկը քանդել: Ըստ Ռիժկովի՝ Հայաստանի համար հացահատիկը բերում են Կուբանից Վրաստանի միջոցով՝ Փոթիով, մինչդեռ հաշվարկներ կան, համաձայն որոնց՝ երկաթուղու վերականգնման դեպքում ներմուծվող կես միլիոն տոննա հացահատիկի ամեն տոննայի դիմաց 23 դոլար խնայողություն կլինի:
«Թիվ մեկ հարցը ճանապարհն է, ես չեմ կարող ձեզ հիմա պատասխանել՝ որքան կնստի մեզ վրա այդ ճանապարհի վերականգնումը, կամուրջը վնասված է, սակայն որքան էլ այն արժենա, պետք է դա անել: Ներկայում չկա քաղաքական կամք, միայն դա է պետք. եթե դա լիներ, այս խնդիրը վաղուց լուծված կլիներ, մնացածը երկրորդական է: Վրաստանը բավական կոշտ դիրքորոշում ունի, թույլ չի տալիս իր տարածքն օգտագործել, իբր Աբխազիան իրենց տարածքն է՝ չնայած այն վաղուց արդեն դուրս է եկել Վրաստանի կազմից»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ այժմ ակտիվացնում են փոխհարաբերությունները Վրաստանի խորհրդարանի բարեկամական խմբի հետ, հանդիպում կունենան նրանց առաջին փոխխոսնակի հետ: Դա կլինի բանակցությունների ևս մեկ հարթակ, երկու հարևան երկրների դիրքորոշումների մոտեցման ևս մեկ հնարավորություն:









































