Խորհրդարանի, նախարարությունների և մարզպետարանների որոշ պաշտոնյաներ Ամանորը դիմավորեցին շատ վատ տրամադրությամբ. կառավարությունը որոշել է խնայել նաև նրանց վրա:
Դեռևս 2017թ. կառավարությունը որոշել էր հունվարի 1-ից փոխնախարարներին, ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալներին և փոխմարզպետներին զրկել պետբյուջեից սնվող ծառայողական մեքենա ունենալու արտոնությունից, և եթե դա տեղի ունենա, նրանք կհայտնվեն երկրի շարքային քաղաքացիների կարգավիճակում, ստիպված կլինեն սեփական գրպանից վճարել իրենց երթևեկության համար:
Չնայած այս որոշումը ուժի մեջ պետք է մտներ դեռևս այս տարվա հունվարի 1-ից, սակայն խորհրդարանում հանձնաժողովների նախագահների տեղակալները շարունակում են օգտվել իրենց ծառայողական մեքենաներից, և կարելի է ենթադրել, որ նույն պատկերն է նաև նախարարություններում և մարզպետարաններում: Մարդկանց այնքան էլ հեշտ չէ կտրել տարիների սովորությունից, քանի որ դա կարող է իսկական ցնցում առաջացնել չինովնիկության շրջանում և անկանխատեսելի հետևանքներ առաջացնել: Օրինակ՝ մարդիկ կարող են ընդհանրապես հրաժարվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, քանի որ այդ պաշտոնը, բացի ծառայողական մեքենայից, ուրիշ որևէ արտոնություն չի նախատեսում: Իսկ ինչ իմաստ ունի մի պաշտոն, որից որևէ օգուտ չկա: Փոխնախարարների և փոխմարզպետների դեպքում էլի գոնե վարչական լծակներ կան և այլ արտոնություններ, ասենք՝ քարտուղարուհի ունենալու տեսքով, բայց խորհրդարանում դա էլ չկա: Մենք կարող ենք խայտառակ լինել, եթե հանկարծ պարզվի, որ որևէ մեկը չի ուզում առանց ծառայողական մեքենայի ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ աշխատել:
Չնայած չի բացառվում, որ կառավարության որոշումը ընդհանրապես չիրագործվի, և պարզվի, որ հանձնաժողովների փոխնախագահները շարունակում են օգտվել այդ արտոնությունից: Իսկ այդ մեքենաների վարորդների աշխատավարձը, բենզինը և սպասարկման համար տրամադրվող գումարը վճարվում է խորհրդարանի բյուջեի խնայված միջոցներից: Ի վերջո, խորհրդարանում կան պատգամավորներ, որոնց ընդհանրապես ծառայողական մեքենա չի հասնում, բայց նրանք օգտվում են նման արտոնությունից: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը խորհրդարանում որևէ պաշտոն չունի, բայց նրան սպասարկում է «Տոյոտա Քեմրի» մակնիշի 015HH01 պետհամարանիշով մեքենա:
Նման արտոնյալների գոյությունը չպետք է զարմանալի համարել, որովհետև Հայաստանում գործում է ոչ թե օրենքը, այլ նպատակահարմարության սկզբունքը: Եթե իշխանությունը համարում է, որ այդ մարդուն «հասնում է» ծառայողական մեքենա ունենալ, նա արտոնյալների մեջ է, և անկախ նրանից, թե օրենքը ինչ է ասում, նա կունենա: Այդպես է ոչ միայն ծառայողական մեքենաների դեպքում: Վերջերս պաշտոնապես հրապարակվեց, թե ԱԺ բյուջեից որ պատգամավորների համար որքան հեռախոսավարձ է վճարվել: Այդ ցուցակում էին նաև գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, ովքեր ԱԺ-ում ոչ մի պաշտոն չեն զբաղեցնում և պաշտոնական գործուղումների չեն մեկնում, բայց քանի որ նրանց «հասնում է», ԱԺ-ն վճարում է նրանց միջազգային հեռախոսազանգերի համար:
Ծառայողական մեքենաների քանակը կրճատելու կառավարության որոշումը շատ դրվատելի է, անկախ նրանից՝ դա կկատարվի, թե ոչ, և առավել ևս՝ եթե չկատարվի: Բայց այդ որոշումը մի տեսակ կիսատ է, որովհետև չի վերաբերում ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախարարներին, մարզպետներին, ԱԺ ղեկավարությանը, վարչապետին ու նախագահին: Իսկ ավելի լավ չէ՞ր լինի, եթե կառավարությունը ընդհանրապես որոշում կայացներ, որ Հայաստանում վերացվում է ծառայողական ավտոմեքենա հասկացությունը, և այդ բոլոր խնայված գումարները ուղղվելու են կապիտալ ներդրումներին ու երկրի զարգացմանը:
Իսկ պաշտոնյաները պետք է բոլոր քաղաքացիների նման ինքնուրույն և սեփական միջոցներով լուծեն աշխատանքի գնալու, աշխատանքից վերադառնալու հետ կապված խնդիրները: Սա իսկապես քարոզչական մեծ ազդեցություն կունենար և դրականորեն կազդեր իշխանության վարկանիշի վրա, բայց դե բոլորն էլ կշարունակեին օգտվել այդ և իշխանությունից ստացվող այլ՝ օրինականացված և իբրև թե հակաօրինական համարվող արտոնություններից և բարիքներից:







































